• Latest news

Երեւանում նոբելյան 5 մրցանակակրի դասախոսությունները երիտասարդներին կոգեշնչեն գիտությամբ զբաղվել

11 ապրիլի, 2016  13:07

Նոբելյան հինգ մրցանակակրի դասախոսությունները, որոնք տեղի կունենան Երեւանում ապրիլի 12-ից 16-ին, յուրօրինակ մաստեր-կլասներ կլինեն դասախոսների համար, իսկ դպրոցականներին եւ ուսանողներին կոգեշնչեն գիտությամբ զբաղվել: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք են հայտնել ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը եւ Միջոցառման համակարգող Կոնստանտին Ենկոյանը: 

«Մեր հյուրերը` նոբելյան 5 մրցանակակիր, վաղը կսկսեն իրենց դասախոսությունները, որոնք նվիրված են այն ուղղություններին, որոնցում նրանք հսկայական բարձունքների են հասել», - ասել է Միքայել Նարիմանյանը:

Կոնստանտին Ենկոյանն իր հերթին նշել է, որ շատ կարեւոր է, որ բոլոր դասախոսություններին ներկա են լինելու ոչ միայն համալսարանի դասախոսներ եւ գիտությամբ զբաղվող մարդիկ, այլեւ ուսանողներ եւ դպրոցականներ: Ավելին, հինգշաբթի նախատեսված է մրցանակակիրների հանդիպում դպրոցականների հետ, որին կմասնակցեն երեխաներ Երեւանի եւ Հայաստանի մարզերի դպրոցներից: 

«Գիտության հանդեպ սերը պիտի սկսվի դպրոցական նստարանից», - ասել է Կոնստանտին Ենկոյանը:

Երեւանի դպրոցներից մեկի աշակերտուհի 15-ամյա Քրիստինա Ալեքսանյանն իր հերթին նշել է, որ շատ երեխաներ իր տարիքում երազում են որեւէ աստղի հանդիպել, սակայն նոբելյան մրցանակակիրները, որոնք Երեւան են գալու, գիտության ոլորտում իսկական աստղեր են եւ այդ հանդիպումը շատ, շատ կարեւոր է դպրոցականների համար: 

ԵՊԲՀ-ի ուսանողուհի Մարիամ Մովսիսյանն իր հերթին նշել է, որ վերջին 100 տարվա ընթացքում շատ հայեր առաջադրվել են Նոբելյան մրցանակի համար, սակայն նրանցից ոչ ոք առայժմ մրցանակակիր չի դարձել: 

Գուցե Երեւանում Նոբելյան օրերը այն խթանը դառնան, որից հետո մեզ մոտ` Հայաստանում եւս նոբելյան մրցանակակիրներ հայտնվեն», - ասել է ուսանողուհին: 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին ընթանալիք «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանն առաջին անգամ կհյուրընկալի   5 նոբելյան մրցանակակրի:

Դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պաթոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյ-իչի Նեգիշին (Ճապոնիա):

Մրցանակակիրները Երեւանում հանդես կգան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության թեմաներով, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ բաց դասախոսություններով:

«Ոգեշնչի՛ր եւ ստեղծի՛ր». ահա այս կարգախոսն է ընտրվել՝ որպես միջոցառման գաղափարի ամփոփում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի