• Latest news

Հայաստանի ռադիոլոգները «վերագործարկել են» նախկինում ստեղծված Ասոցիացիան

4 հունիսի, 2016  20:48

Հայաստանի ռադիոլոգները հունիսի 4-ին հավաքվել էին իրենց իսկ խոսքով նախկինում ստեղծված Ասոցիացիան «վերագործարկելու» համար: Ռադիոլոգ Գեղամ Աղաբեկյանն իր ելույթում նշեց, որ այսօր նրանք «ռեստարտ» են անում Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիան, քանի որ փոխվել է իրավիճակը, մասնագետների առաջ նոր մարտահրավերներ են հայտնվել, որոնց կարելի է հակազդել միայն համախմբվելով:

Նա նշել է, որ նախկինում Հայաստանում գործում էին ռադիոլոգների մի քանի մասնագիտական միավորումներ (ընդ որում, նման իրավիճակ է նկատվում նաեւ մի շարք մյուս բժշկական ոլորտներում), սակայն դա փոքր Հայասատնի համար շատ մեծ շքեղություն է: «Ես ուրախ եմ, որ այսօր մենք ունենք մեկ Ասոցիացիա»,- նշել է նա՝ հավելելով, որ դա հնարավոր է դարձել նաեւ ի շնորհիվ երիտասարդ (որոնց նախկինում մեծամտաբար «ջահել» էին անվանում), հավակնոտ ռադիոլոգների, որոնք գալիս են փոխարինելու միջին սերնդին, որի ներկայացուցիչն է Աղաբեկյանը:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Թերապեւտների հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Նարիմանյանն իր ելույթում նշեց, որ այսօր ռադիոլոգիան Բժշկական համալսարանի ուսանողների շրջանում ամենապահանջված մասնագիտություններից է: Նա Ռադիոլոգների ասոցիացիային կոչ է արել սերտորեն համագործակցել իր գլխավորած Ասոցիացիայի հետ, որպեսզի թերապեւտներին սովորեցնեն ժամանակակից ռադիոլոգիայի լեզուն, որին առաջնային օղակի շատ թերապեւտներ դեռ չեն տիրապետում:

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին հիշեցրեց, որ միզուղիների քարերի առաջին ռենտգենյան պատկերը ստացվել է ռենտգենյան ճառագայթների բացահայտումից 2 տարի անց, եւ նշեց, որ ժամանակակից ուրոլոգիան ուղղակի չի կարող գոյատեւել առանց ռադիոլոգիայի: Նա ռադիոլոգներին հրավիրեց 2016-ի աշնանը մասնակցել ուրոլոգիական ասոցիացիայի ամենամյա կոնգրեսին, որին ուրոլոգիական վիզուալացմանը առանձին բաժին նվիրված կլինի:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Ասոցիացիաների ստեղծումը շատ կարեւոր է համարում ոչ միայն բժիշկների զարգացման տեսակետից, այլ նաեւ նրանց պաշտպանության: Նրա խոսքով՝ անցել են այն ժամանակները, երբ բժիշկներին պաշտպանում էին հուզական մակարդակով, այսօր բժշկի աշխատանքը պետք է ենթարկվի հստակ չափորոշիչների, եւ միայն այդ դեպքում նրա աշխատանքը կարելի է համարել որակավորված, իսկ բժիշկը կարող է պաշտպանված լինել:

Արմեն Մուրադյանը նաեւ նշեց, որ այսօր բժշկության ոչ մի ոլորտ հնարավոր չէ պատկերացնել առանց ռադիոլոգիական հետազոտությունների: Նա հիշեցրեց, որ Հայաստանում արդեն հասանելի են ռադիոախտորոշման գրեթե բոլոր տեսակները, իսկ շուտով շահագործման կհանձնվի պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆը:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար Նարեկ Մատինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջիկա պլաններում գործող ուցեցույցների կանոնակարգումն է,լուրջ գիտական սիմպոզիումների նախապատրաստումն ու անցկացումը, արտասահմանյան առաջավոր կլինիկաներում երիտասարդ մասնագետների վերապատրաստումը:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ հիմնական նպատակը Ասոցիացիայի գործունեությանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր ռադիոլոգներին ներգրավելն է: Նրա խոսքով՝ Հայաստանում կան կենտրոններ, որոնք այս պահին «անկախ» քաղաքականություն են վարում, սակայն դա զարգացման ուղի չէ: Նա նշել է, որ, անխոս, տարբեր կենտրոնների միջեւ մրցակցություն կա, սակայն զարգացումը հնարավոր է միայն միավորման դեպքում:

Ասոցիացիայի «վերագործարկման» ընթացքում մի շարք հուշագրեր են ստորագրվել Հայաստանի այլ Ասոցիացիաների հետ՝ թերապեւտների, ուռոլոգների, վիրաբույժների, եւ մանկաբարձության ու գինեկոլոգիայի ուլտրաձայնի:
Վերջում ցուցադրվեց ֆիլմ Հայաստանում ռադիոլոգիայի զարգացման հարյուրամյա ավանդույթների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի