• Latest news

«Ինձ հաշմանդամ չեմ համարում». Ապրիլին վիրավորված Նորայրը վարժվում է ոտքի պրոթեզին

24 հուլիսի, 2016  11:14

Ոմանք վերջույթների անդամահատումից հետո սկսում են իրենց ոչ լիարժեք զգալ, կորցրում են կյանքի հանդեպ հետաքրքրությունն ու ինչ-որ բան անելու շարժառիթը: Ոմանք էլ՝ հակառակը, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանան շարունակել ապրել նախկինի պես, եւ նրանց դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկն իրենց թույլ է համարում կամ, Աստված մի արասցե, «հաշմանդամ» է կոչում:

19-ամյա Նորայր Զախարյանն իրեն մարդկանց երկրորդ խմբին է դասում: Ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ վիրավորվելուց հետո Նորայրը կորցրեց ձախ ոտքը: Վերջերս նրա վերջույթը պրոթեզավորել են, ինչի շնորհիվ Նորայրը կարողանում է քայլել եւ նույնիսկ փորձում է վազել: Նրա մտքով անգամ չի անցնում իրեն հաշմանդամ համարել: Երիտասարդը սկսել է սպորտով զբաղվել՝ չնայած վիրավորվելուց առաջ երբեք դրանով չի հետաքրքրվել:

«Ինձ հաշմանդամ չեմ համարում: Ընդամենը մեկ ամիս եմ հենակներով քայլել, իսկ հիմա կարող եմ նաեւ առանց դրանց քայլել: Գուցե ոչ այնքան լավ, որքան առաջ էի քայլում, բայց արդեն վարժվում եմ պրոթեզին եւ ինձ հրաշալի եմ զգում»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Նորայրը:

Ասում է՝ չի ամաչում իր պրոթեզից, քանի որ հասկանում է, որ ոտքը կորցրել է ոչ թե խուլիգանության եւ ոչ էլ նույնիսկ դժվար պատահարի հետեւանքով, այլ զինծառայության ժամանակ:

Դա տեղի է ունեցել այս տարվա ապրիլին. առաջադրանք կատարող Նորայրը, շեղվելով թշնամու կրակոցներից, ականի վրա է կանգնում: Ասում է՝ բախտը բերեց, որ պայթյունն իրեն անվտանգ տարածք նետեց, այլ ոչ թե ականապատ դաշտ:

Ընկերները հենց տեղում առաջին օգնություն են ցուցաբերում, վիրակապում ոտքը, կանգնեցնում արնահոսությունը: Շտապօգնությունը Նորայրին Մատաղիս է հասցնում, այնուհետեւ՝ Մարտակերտ, որտեղ նրան վիրահատում են, ոտքը՝ անդամահատում. վնասվածքները չափազանց լուրջ էին, եւ այն «հավաքելը» պարզապես անհնար էր: Որոշ ժամանակ անց Նորայրին Երեւան են տեղափոխում:

Երբ նրա վիճակը բարելավվում է, ծանոթանում է բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանի հետ, որն օգնում է պատրաստվել պրոթեզավորմանը, իսկ հունիսի 17-ին նախնական պրոթեզ է դնում:

Բուժման եւ պրոթեզավորմանը սպասելու ընթացքում արիությունը չկորցնելու հարցում նրան շատերն են օգնել՝ ինչպես բժիշկներն ու հարազատները, այնպես էլ անցյալում վիրավորված մարդիկ: Մի անգամ, երբ Նորայրը հիվանդանոցում էր, նրան եւ մյուս վիրավոր երիտասարդներին այցի է գալիս սպա Սարգիս Ստեփանյանը: Նորայրը նրա մասին լսել էր, բայց առաջին անգամ էր տեսնում. տղամարդը կորցրել է աջ ձեռքը, բայց շարունակում է որպես սպա ծառայել, սպորտով է զբաղվում եւ նույնիսկ մասնակցում սպորտային միջոցառումների: Մի քանի օր անց Նորայրը նորից է հանդիպում Սարգսին: Այս անգամ սպան կիսատաբատով էր, եւ Նորայրը միայն այդ ժամանակ է տեսնում, որ նա ոչ միայն ձեռքը, այլեւ երկու ոտքերն է կորցրել եւ պրոթեզով է քայլում: Եվ հասկանում է, որ ինքն ամենեւին էլ հիվանդ կամ հաշմանդամ չէ եւ, ցանկության դեպքում, կարող է լիարժեք, նորմալ կյանքով ապրել ու հասնել այն ամենին, ինչ ցանկանա:

Մի քանի շաբաթ անց Նորայրը ներկա է գտնվում հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությամբ սպորտային միջոցառման: Նրա խոսքով՝ այնտեղ բազմաթիվ հետաքրքիր, ոգով եւ մարմնով ուժեղ մարդկանց է հանդիպել: Նրանցից ոմանց հետ Նորայրը նաեւ բարեկամացել է:

Նորայրը շարունակում է վարժվել պրոթեզին, մարզասրահ է հաճախում եւ մտածում ապագայի հեռանկարների մասին: Բանակ զորակոչվելուց առաջ սովորում էր իր հայրենի Գավառի գյուղատնտեսական քոլեջում: Հիմա պատրաստվում է ավարտել ուսումը եւ համալսարան ընդունվել: Վստահ է. բարձրագույն կրթությունն իր առջեւ բազմաթիվ դռներ է բացելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի