• Latest news

Երեւանի բժիշկները Ստեփանակերտում կատարել են էնդոպրոթեզավորման բարդ վիրահատություններ

28 հուլիսի, 2016  21:47

Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանների խումբը՝ կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գլխավորությամբ, կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորման բարդագույն վիրահատությունների շարք է կատարել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Չարչյանը նշեց, որ դժվարությունն այն էր, որ դեպքերը շատ բարդ էին:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ կատարվել է էնդոպրոթեզավորման հինգ վիրահատություն: Հիվանդներից մեկի մոտ առկա էր հնգամյա վաղեմության կոնքազդրային հոդի կոտրվածք եւ հոդախախտ, որը հանգեցրել էր վերջույթի 12 սմ-ով կարճացման: Հինգ հիվանդների մոտ էլ առկա էին բարդագույն կոկսարթրոզներ:

«Երբեք արտասահմանյան վիրաբույժները այդ կարգի բարդություններ չեն տեսնում, որովհետեւ նրանք չեն թողնում, որ հիվանդները հասնեն այդ վիճակի։ Նրանք միշտ վիրահատում են նախնական կամ առաջին–երկրորդ փուլերում»,- ասաց նա։

Ստեփանակերտում վիրահատությունները կատարվել են հուլիսի 22-23-ին: Դրանցից առավել բարդ երկուսը կատարել է անձամբ Արմեն Չարչյանը: Մյուս երեքը՝ նրա ղեկավարությամբ, կատարել են «Իզմիրլյան» կլինիկայի բժիշկներ Սահակ Սարիբեկյանը, Ստեփան Մաթոսյանը եւ բուժքույր Գայանե Սարգսյանը, ինչպես նաեւ Ստեփանակերտի հիվանդանոցի վնասվածքաբան Կարեն Դավիդյանը, որը մինչ այդ վերապատրաստվել էր արտասահմանում:

Արմեն Չարչյանը հատուկ ընդգծեց, որ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում այսպիսի մակարդակի վիրահատություն անցկացնելու բոլոր պայմանները ստեղծված են. հիվանդանոցում առկա է անհրաժեշտ ժամանակակից սարքավորում:

Նա ասաց, որ ծնկի եւ կոնք-ազդրային հոդերի էնդոպրոթեզավորման ծրագիրը Ստեփանակերտում մեկնարկել է դեռեւս 2008 թվականից: Այդ ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղում արդեն կատարվել է 40-ից ավելի էնդոպրոթեզավորում:

Այս անգամ, ինչպես ասաց Արմեն Չարչյանը, վիրահատությունները հովանավորել են նախագահ Բակո Սահակյանը եւ ԼՂՀ առողջապահության նախարարությունը: ԱՆ-ը ամբողջովին վճարել է էնդոպրոթեզների արժեքը (ըստ որում՝ Johnson & Johnson DePuy-ը ԼՂՀ կառավարության համար էական զեղչ է կատարել):  Դե իսկ երեւանցի բժիշկները վիրահատություններն անվճար են կատարել: «Այսինքն՝ հիվանդն այդ թանկարժեք, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատությունների համար ոչ մի դրամ չի վճարել»,- ասաց նա։

Արմեն Չարչյանի խոսքով՝ ծրագիրը կշարունակվի, եւ այս տարվա ընթացքում պլանավորվում է ԼՂՀ-ում եւս 5 վիրահատություն կատարել:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այցելության ընթացքում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ: Համաձայնություն է ձեռք բերվել, որ «Իզմիրլյան» ԲԿ–ի բժիշկները պարբերաբար կայցելեն Լեռնային Ղարաբաղ եւ այնտեղ խորհրդատվություններ կանցկացնեն, նաեւ գիտական համաժողովներ եւ վարպետության դասեր:

«Մենք պետք է մտածենք, ծրագիր կազմենք, դա արդեն կլինի շատ ավելի լուրջ, շատ ավելի լայն մասսայական գործ, եւ այդ ամենը նույնպես կլինի անվճար»,- ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի