• Latest news

Իսրայելցի գիտնականները մելանոմայի տարածումը կասեցնելու միջոց են հայտնաբերել

24 օգոստոսի, 2016  18:20

Իսրայելցի գիտնականները գերմանացի հետազոտողների հետ հայտնաբերել են մելանոմայի տարածման պրոցեսի նախկինում անհայտ առանձնահատկությունները: Այդ մեխանիզմների ըմբռնումը կօգնի պարզել քաղցկեղի այս տեսակի դեմ պայքարի եղանակը, դրանից բացի՝ նոր տվյալները կարող են կարեւոր լինել նոր դեղամիջողների մշակման համար:

Tel Aviv University-ի գիտնականներից Կարմիտ Լեւին ասել է, որ իրեն եւ իր գործընկերներին հաջողվել է պարզել, թե մելանոմայի ժամանակ ինչպես է կատարվում տարածումը: Այդ նպատակով գիտնականները հետազոտել են մելանոմայով հիվանդներից վերցված նմուշները եւ նկատել են, որ մետաստազների երեւան գալուց առաջ, ուռուցքից պոկվում են մանրագույն վեզիկուլներ, որոնց մեջ են ամփոված ռիբոնուկլեինաթթվի միկրոմոլեկուլները: Դրանք մաշկի ներքին շերտերում կառուցվածքային փոփոխություններ են առաջացնում: Այս պրոցեսը տարածմանը նախորդող կարեւոր փուլ է, սակայն նախկինում դրա մասին հայտնի չէր:

Հաջորդ քայլով հետազոտողները հայտնաբերել են այդ պրոցեսը կասեցնող քիմիական նյութեր: Նրանք ենթադրում են, որ այդ միացությունները կարող են հիմք դառնալ նոր հակամելանոմային դեղամիջողների ստեղծման համար, որը կկասեցնի մետաստազների գոյացումը: Խոսքը երկու նյութի մասին է, որոնցից մեկը (SB202190) արգելակում է ուռուցքից մաշկին վեզիկուլները հասցնելու պրոցեսը, իսկ երկրորդը (U0126) խոչընդոտում է մաշկի ներքին շերտում ձեւափոխումների առաջացմանը: Երկու միացություններն էլ արդեն հաջողությամբ փորձարկվել են լաբորատոր պայմաններում:

Հեղինակները նշում են, որ մաշի կառուցվածքային փոփոխությունների երեւան գալը, նաեւ փուչիկների հայտնաբերումը կարող են մելանոմայի վաղ ախտորոշման նախանշաններ լինել:

Նշենք, որ մաշկի քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող Միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ յուրաքանչյուր 52 րոպեն մեկ մելանոմայից մահանում է մեկ մարդ: Հիվանդության նոր դեպքերի քանակը տարեցտարի ավելանում է, մինչդեռ առայժմ չի հաջողվում բոլոր հիվանդներին համապատասխանող արդյունավետ դեղամիջոցներ ստեղծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի