• Latest news

Հայ-ֆիննական տանդեմ. կինը սկսել է քայլել ծնկահոդի վիրահատությունից մեկուկես ժամ անց

6 հոկտեմբերի, 2016  21:57

Ֆիննական «Կոքսա» էնդոպրոթեզավորման կլինիկայի առաջատար մասնագետ Էէրիկ Սկիտտան մի քանի անգամ Հայաստան այցելելուց հետո կցանկանար, որ ֆինները իրենց բնավորության որոշ գծերով նմանվեն հայերին: Նրան խիստ տպավորել է հայկական խառնվածքը, որն այնքան հակադիր է ֆինների հանդարտությանը: Էէրիկ Սկիտտան կարծում է, որ երբեմն ճիշտ է զգացմունքներին ազատություն տալը, որը եւ սովորում է հայերից: «Մարդիկ այստեղ բարյացակամ են, եւ ինձ համար շատ հեշտ է Հայաստանում: Բայց ահա հայերենը շատ բարդ է:»,- խոստովանում է նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Հայաստանցի բժիշկ Հրաչյա Հարությունյանը դժգոհում է. ֆինները դարձյալ ձմռանն են հրավիրել նրան իրենց երկիր, բայց ձմռանն այնտեղ ապրելն անհնարին է. օրերով խավար է: Իսկ աշնանն անընդհատ թույլ անձրեւ է մաղում: «Այնտեղ կարելի է ապրել միայն ամռանը»,- ամփոփում է նա: Գուցե այդ պատճառո՞վ է, որ մեր ընկալմամբ ֆիններն այդքան սառն են: Չնայած Սկիտտային սառը չես ասի: Նա շատ ժպտերես է եւ բավականին ակտիվ:

Էէրիկ Սկիտտան հերթական անգամ եկել է վիրահատություն անելու հայ-ֆիննական «Նաիրի Կոքսա» համատեղ կլինիկայում: Ֆինն մասնագետների հիմնական նպատակն է «Նաիրի Կոքսայի» բժիշկներին եւ բուժանձնակազմին փոխանցել իրենց բոլոր հմտությունները եւ փորձը:

Էէրիկ Սկիտտան եւ Հրաչյա Հարությունյանը ցույց են տալիս մի տեսանյութ, որտեղ հիվանդը, որին կատարվել  է ծնկահոդի էնդոպրոթեզավորում, վիրահատությունից 1 ժամ 47 րոպե անց սկսում է քայլել: Սա ֆանտաստիկ արդյունք է նույնիսկ ֆիննական չափանիշներով: Ինչպես ասում է Սկիտտան, հիվանդները դեռ մինչեւ վիրահատությունը պետք է իմանան, որ իրենք վիրահատությունից հետո երկու օր չեն պառկելու, նրանք կքայլեն նույն օրը, առավելագույնը` վիրահատությունից մեկ օր անց: Հրաչյա Հարությունյանն ավելացնում է, որ ֆիններն իրենց երկրում բոլորովին վերջերս են ներդրել այդ սկզբունքը. ոտքի կանգնեցնել հիվանդին վիրահատությունից մի քանի ժամ անց: Այժմ խիզախել են նույնն անել Հայաստանում. կինը անեսթեզիայի ազդեցությունն անցնելուց անմիջապես հետո սկսել է քայլել:

«Նախկինում Ֆինլանդիայում հիվանդը դուրս էր գրվում վիրահատությունից հետո երրորդ օրը, այժմ դուրս է գրվում երկրորդ օրը եւ խնդիր է դրված, որ դուրս գրվի նույն օրը: Դրա համար հարկավոր է, որ հիվանդը քայլի վիրահատությունից մի քանի ժամ հետո: Մեր հիվանդը քայլեց 1 ժամ 47 րոպե անց,- պատմում է նա` հավելելով,- դա մեզ համար տոն էր»: Նրա խոսքով, մինչեւ օրս «Նաիրի Կոքսայում» կատարված բոլոր վիրահատություններն ունեցել են շատ լավ արդյունք. նրանք երկրորդ օրը բարձրացել իջել են աստիճաններով: Դրա գաղտնիքը, Հրաչյա Հարությունյանի խոսքով, թաքնված է վիրահատության կատարման տեխնիկայի մեջ:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Կոքսա» կլինիկայի կոորդինատոր Մաննու Կոիվուլան, այս ամենը սկիզբ առավ 2014 թվականին, երբ «Նաիրի» ԲԿ տնօրեն Նարինե Մամիկոնյանը հանդիպեց «Կոքսա» կլինիկայի ղեկավար Տարմո Մատիկայնենի հետ եւ ցանկություն հայտնեց ֆիննական փորձը ներդնել Հայաստանում:

Ծրագիրը մեկնարկեց 2015 թվականի նոյեմբերին: Բժիշկ-օրթոպեդ Հրաչյա Հարությունյանը վերապատրաստում անցավ Ֆինլանդիայում` «Կոքսա» կլինիկայում: Վերապատրաստվեցին նաեւ վիրհատարանի բուժքույրը եւ ֆիզիոթերապեւտը:

2016 թվականի հունվարին Ֆինլանդիայից մասնագետների խումբ ժամանեց Հայաստան, որպեսզի տեղում գնահատի «Նաիրի» ԲԿ-ի հնարավորությունները, ծանոթանա աշխատանքային մեթոդներին, տեխնիկական հագեցվածությանը:

«Նաիրի Կոքսան» բացվեց մարտի վերջին: Ընթացիկ շրջանում կատարվել է 21 վիրահատություն, դրանցից երկուսը ռեվիզիոն, մեկը` բարդ հիվանդ` մի շարք վիրահատություններից հետո կարճացած վերջույթով: Վիրահատությունները կատարվել են ինչպես ֆինն մասնագետների մասնակցությամբ, այնպես էլ` առանց նրանց:

«Կոքսա» կլինիկայում, ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Հայաստանում, օգտագործվում են բարձրորակ էնդոպրոթեզներ, որոնք ծառայում են շատ երկար: Համակարգչային հատուկ ծրագիրը միլիմետրերով մոդելավորում է կատարելիք վիրահատությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի