• Latest news

Հայաստանի բոլոր մասնագիտացումների բժիշկները թեստավորում կանցնեն. փոխնախարար

1 մայիսի, 2017  18:23

Հայաստանի բոլոր մասնագիտացումների բժիշկները թեստավորում կանցնեն: Այս մասին լրագրողներին հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ներկայումս արդեն թեստավորում են անցնում մանկաբարձ-գինեկոլոգները, բայց այս պրակտիկան, փաստորեն, կտարածվի բոլոր մասնագետների վրա:

«Թեստավորումը շատ խիստ եւ ծավալուն կլինի: Մեր նպատակը համակարգ վատ մասնագետների մուտքը թույլ չտալն է»,- ասաց նա:

Ի պատասխան այն հարցին՝ արդյոք սա չի՞ հակասում «Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն անցյալ տարվանից գործող շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների (ՇՄԶ կրեդիտ) համակարգին, փոխնախարարը նշեց, որ ՇՄԶ կրեդիտների հավաքման համակարգը գործում է դեռեւս միայն համաժողովների վերաբերյալ եւ կրում է զուտ մեխանիկական բնույթ: Նրա խոսքով՝ ներկայումս կրեդիտների քանակը որոշվում է ըստ ժամերի քանակի, որը մարդն անցկացրել է տվյալ համաժողովում: Սակայն այս համակարգում արդեն փոփոխություններ են կատարվում՝ հաշվի առնելով եվրոպական ասոցիացիաների փորձը, եւ կրեդիտներ ստանալու գործընթացը կբարդացվի: «Մեր խնդիրը կրեդիտների բաշխումը չէ, այլ գիտելիքների ստուգումը: Այսինքն՝ այդ ընթացքում արդյոք բժիշկը գիտելիքներ ստացե՞լ է: Եվ թեստավորումը նույնպես այս նպատակին է ծառայում, այստեղ հակասություն չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ թեստավերման գործընթացում կորոշվի՝ բժշկի գիտելիքների մակարդակը արդյոք համապատասխանո՞ւմ է նրա կողմից տրամադրվող բժշկական ծառայություններին: Եթե համապատասխանում է, նրան 5 տարով կանաչ լույս է տրվում:

«Եթե, օրինակ, հիմա գինեկոլոգների թեստավորման ընթացքում պարզվի, որ որեւէ բժշկի արդյունքը 50 տոկոսից ցածր է, ապա մենք ասում ենք, որ սա գործող բժշկի համար անընդունելի է: Գիտելիքները լրացնելու համար նրան ժամանակ կտրվի՝ 1,5-2 ամիս»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե բժիշկը 1,5-2 ամիս հետո էլ չկարողանա հավաքել անհրաժեշտ քանակով միավորներ, փոխնախարարը պատասխանեց, որ նրան ամենայն հավանականությամբ դարձյալ ժամանակ կտրվի: «Մենք հիմա բժշկին պրակտիկայից զրկելու հնարավորություն չունենք: Այդ բժիշկը կմնա առողջապահության համակարգում, սակայն հիվանդների հետ աշխատանքը կսահմանափակվի»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից Վերարտադրողական առողջության, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի պերինատոլոգիայի հանրապետական ինստիտուտում բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները թեստավորում են անցնում: Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման որոշումն ընդունվել է 2016 թվականի վերջին հետծննդյան արյունահոսության հետեւանքով ծննդկանների մահվան 4 դեպքերից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի