• Latest news

«Աստղիկ» ԲԿ–ում կարել են ավտովթարի հետեւանքով տղամարդու գրեթե պոկված ոտքը

4 նոյեմբերի, 2017  11:44

«Աստղիկ» ԲԿ–ում կարել են 44-տարեկան տղամարդու ոտքը, որն ավտովթարից գրեթե պոկվել էր։ Այժմ նա անոթային վիրաբուժության բաժանմունքում է գտնվում,  կարված հյուսվածքների մեռուկացման կամ օրգանիզմի կողմից մերժվելու վտանգ արդեն չկա։ Հնարավոր է, որ նոր վիրահատությունների կարիք լինի, քանի որ տղամարդու սրունքն ամբողջովին ջախջախվել էր, եւ վնասվել էին նյարդերը,մկաններն ու անոթները։

«Ծնկից ներքեւ ոտքը կարելի է ասել մի կտոր մաշկից էր կախված»,– NEWS.am Medicine –ի հետ զրույցում ասել է «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն, միկրովիրաբույժ Արշակ Մնացականյանը։

Նրա խոսքով՝ վիրահատությունը տեւել է մոտ 10 ժամ, աշխատել է վիրաբույժների 3 բրիգադ՝ վնասվածքաբաններ, անոթային վիրաբույժներ եւ միկրովիրաբույժներ։

Նախ վնասվածքաբաններ Ռուբեն Գալստյանն ու Կարապետ Միրաբյանը ֆիքսել են կոտրված ոսկրերը։ Վիրահատության ծավալի մեծ մասը կատարել են անոթային վիրաբույժները՝ «Աստղիկ» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Սուլթանյանն ու Արա Ավետիսյանը։ Նրանք չվնասված ոտքի անոթից 20 սմանոց կտոր էին վերցրել եւ կարել ջախջախված ոտքի պատռված անոթների տեղում՝ միացնելով ազդրային զարկերակը  առաջային ոլոքային զարկերակին։

Միկրովիրաբույժներ Արշակ Մնացականյանն ու Լեւոն Բաղդասարյանը կարել են նյարդերն ու մկանները, սակայն, ամենայն հավանականությամբ հիվանդը նոր վիրահատությունների կարիք կունենա մկանների վերականգնման ու նյարդերի ստիմուլյացիայի համար։ Նոր վիրահատություն կկատարեն նաեւ վնասվածքաբանները ծնկային ու սրունքթաթային հոդերի նորմալ շարժունակության ապահովման համար։

«Հիմա՝ մոտ 20 օր անց, անոթազարկ կա, հյուսվածքների մեռուկացում չի արձանագրվել»,– ասել է նա։

Արշակ Մնացականյանը ուշադրություն հրավիրեց վերակենդանացման բաժանմունքի կարգավորված, լավ աշխատանքի վրա. մասնագետները կարողացել են կանխել ինտոքսիկացիան եւ լյարդի ու երիկամների աշխատանքի կանգը։ Դիալիզի կարիք չի առաջացել։

Բժիշկը հավելեց, որ հիվանդը հոսպիտալացման պահին գիտակից վիճակում էր։ Նրան վիրահատել են էպիդուրալ անզգայացման միջոցով։ Այդ ամբողջ ընթացքում տղամարդը չէր կորցնում հումորի զգացումը։ Երբ բժիշկներից մեկը կատակել է՝ ասելով, թե նրա ոտքը փրկել չի հաջողվել, եւ ստիպված են ուրիշինը կարել, հիվանդը պատասխանել է. «Միայն թե 2 աջ ոտք չկարեք»։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի