• Latest news

Executive MBA բիզնես կառավարման առաջին հայալեզու դասընթացի ուսանողները այցելել են «Իզմիրլյան» ԲԿ (ֆոտո)

27 նոյեմբերի, 2017  16:54

Հայաստանում Executive MBA բիզնես կառավարման առաջին հայալեզու դասընթացի ուսանողները այցելել են «Իզմիրլյան» ԲԿ, ծանոթացել հիվանդանոցի հնարավորություններին, նաեւ լսել կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի դասախոսությունը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Չարչյանը նշեց, որ այս տարի Երեւանի պետական բժշկական համալսարանում Հայաստանում առաջին անգամ բացվել է  հայալեզու Master of Business Administration մագիստրոսական դասընթացը՝ բժշկական կառավարման ոլորտի մասնագետների պատրաստման համար։ Մինչ այդ դասընթացը գործում էր միայն Ամերիկյան համալսարանում, անգլերենով։ «Բավականաչափ բարձր որակավորում ունեցող կուրս է․ միայն այն, որ MBA-ի պատվավոր նախագահն ԱՄՆ նախագահն է, արդեն խոսում է այդ կազմակերպության ռեյտինգի մասին։ Ես ինքս 2002 թվականից ունեմ այդ դիպլոմը, Ֆրանսիայում եմ անցել նույն կուրսը», - ասաց նա, հավելելով․ «Րաֆֆի Սեմերջյանը կարողացավ ներմուծել MBA-ը Հայաստան, հասանելի դարձնել այն բոլոր ցանկացողներին։ Հասանելի ոչ թե ֆինանսական առումով, այլ լեզվական եւ հնարավորության առումով»:

Հայաստանում MBA ծրագրի ղեկավար Րաֆֆի Սեմերջյանը լրագրողներին պատմեց, որ Executive MBA առաջին մագիստրոսական դասընթացներում այսօր սովորում են ոչ միայն բժիշկներ, այլեւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցում է 26 մարդ, իսկ դրանց տեւողությունը մեկ տարի է։  «Կառավարման ոլորտում սա ամենակարեւոր վկայականներից մեկն է աշխարհում։ Հայաստանում այսպիսի բան հայերեն լեզվով չկար, եւ մենք ըսկսանք այս նախաձեռնությունը Երեւանի բժշկական համալսարանի հետ», - ասաց նա, հավելելով, որ ծրագիրը ադապտացվել է հայկական իրականության համար, այն ունի պարտադիր եւ ոչ պարտադիր՝ ընտրովի մաս, ներառում է միջազգային պրակտիկա։

Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ ուսուցման բաղկացուցիչներից է նաեւ այցելությունները մի շարք կազմակերպություններ՝ դրանց աշխատանքի սկզբունքին ծանոթանալու համար։ Ուսանողները արդեն այցելել են  NASDAQ OMX Armenia բորսա, Կենտրոնական բանկ, իսկ հիմա էլ՝ «Իզմիրլյան» ԲԿ։ «Սա մոդել-կարեւոր կենտրոն մըն է։ Ուսանողները տեսան, ինչպիսին է կառավարման համակարգը «Իզմիրլյան» կենտրոնում», - ասաց նա։

Արմեն Չարչյանը ուսանողներին ներկայացրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի զարգացման պատմությունը։ Պրոկտոլոգիայի ինստիտուտը հիմնվել է 1982-ին որպես տարածաշրջանային կենտրոն, ուներ 250 մահճակալ։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1998-ից ի վեր, կենտրոնը բազմապրոֆիլ է դարձել։ 2005-ից սկսած այն անցել է Հայ առաքելական եկեղեցու տնօրինության ներքո, կատարվել են ներդրումներ տարբեր արտասահմանյան հայկական բարերարների ու հիմնադրամների՝ Լուի Սիմոն Մանուկյանի, ՀԲԸՄ/ AGBU/ եւ մասնավորապես «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից, ինչի շնորհիվ հիվանդանոցն այսօր ժամանակակից բժշկական կենտրոն է ՝ լավ սարքավորումներով  ու աշխատանքի կայացած սկզբունքներով։

«Մենք այսօր հավակնում ենք առաջատար եվրոպական ստանդարտի հիվանդանոց կոչվելուն։ Ես միշտ մի օրինակ եմ բերում․ Ֆերրարին լա՞վ մեքենա է, թե՞ ոչ։ Հրաշալի մեքենա է, եթե կա ադեկվատ վարորդ։ Ինչքան ուզում է լավ սարքավորված լինի հիվանդանոցը, առաջին ներդրումը մարդկային ներուժն է։Միայն դրանից հետո արդեն մնացյալ այլ տեխնիկական մասերը։ Այսպիսին, ինչպիսին որ կա, հիվանդանոցը բացվել է 2013 թվականին», – ասաց տնօրենը։ Արմեն Չարչյանի խոսքով, սոցհարցումները ցույց են տալիս, որ այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ն Երեւանի լավագույն հիվանդանոցների եռյակում է՝ իր կոնցեպտի, սարքավորումների ու կադրային ճիշտ մոտեցման շնորհիվ։ 

Տնօրենը նաեւ պատմել է, որ բուժկենտրոնի ճանաչվածության մասին կարելի է դատել տաքսու վարորդներից։ Եթե երեք տարի առաջ Երեւանի 10 վարորդներից միայն 1-2-ը գիտեին «Իզմիրլյան» հիվանդանոցի տեղը, ապա հիմա արդեն 10-ից 10-ը գիտեն։ Նա նաեւ ուսանողներին պատմել է փոքր խորամանկության մասին, որին երբեմն դիմում է։ Օգտվելով նրանից, որ տեղի տաքսու վարորդները դեմքով չեն ճանաչում իրեն՝ նա երբեմն նստում է տաքսի ու հարցնում բուժկենտրոնի մասին․ «Լոնդոնում 19-րդ դարում, եթե ուզում էիր մի բան իմանալ, պետք է հարցնեիր քեբմեններին։ Նույնը հիմա մեր տաքսիստներն են։ Այնքան հետաքրքիր բաներ կարելի է իմանալ հիվանդանոցի մասին», - ասաց նա։

Արմեն Չարչյանը ուսանողներին խորհուրդ է տվել նաեւ ամեն ինչ չափել եւ մշակել չափման սեփական միավորները, չափանիշները։ 

Բուժկենտրոնի տնօրենը պատասխանել է մագիստրոսների մի շարք «անհարմար» հարցերի՝ մասնավորապես պետական ֆինանսավորման, այն մասին, թե ինչ երեք փոփոխություններ կաներ, եթե առողջապահության նախարար լիներ, նաեւ թեթեւակիորեն բացել է գաղտնիքի շղարշը, թե ինչպես կարելի է վերահսկել հաշվապահության աշխատանքը։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի