• Latest news

Հայաստանում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից օրթոպեդիկ իմպլանտներ (ֆոտո)

4 դեկտեմբերի, 2017  18:35

Հայաստանի օրթոպեդիայում ու վնասվածքաբանությունում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից իմպլանտներ: Հիշողության մետաղը այս դեպքում հնարավորություն է տվել  խուսափել մեծ կտրվածքով տրավմատիկ վիրահատությունից։

Ձեւի հիշողությամբ մետաղները, որոնք մշակվել են դեռևս անցած հարյուրամյակի 60-ականներին, կարողանում են հիշել իրենց նախկին ձեւը ու նորից վերականգնել այն դեֆորմացիայից հետո։ Այդ հատկության, նաեւ ամրության ու կոռոզիայի չենթարկվելու հատկությունների շնորհիվ այդ մետաղները լայնորեն գործածվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում։ Նման մետաղները շատ հարմար են նաեւ բժշկությական պրակտիկայում՝ մասնավորապես դիմածնոտային վիրաբուժության, օրթոդոնտիայի, կարդիովիրաբուժության բնագավառներում: Բայց դրանց կիրառման ամենալայն դաշտը օրթոպեդիայում ու վնասվածքաբանությունում է։ Սառեցնելով մինչեւ 0-5 աստիճան, այդ մետաղին կարելի է տալ կանխադրված չափսերի ցանկացած ձեւ, կախված կոտրվածքի տեղակայումից։ Մինչեւ մարդու մարմնի ջերմաստիճան տաքանալու ժամանակ մետաղը ձգտում է վերականգնել իր նախկին ձեւը, ազդելով ոսկրաբեկորների վրա ու ապահովելով նրանց համադրումն ու կոմպրեսիան։

«Արամյանց» ԲԿ-ի փոխտնօրեն, «Իզմիրլյան» ԲԿ-ի կոնսուլտանտ, օրթոպեդ- վնասվածքաբան Միքայել Բուռնուչյանը, իր իսկ խոսքով, վաղուց է լսել այդ մետաղների մասին, ու դեռ  կլինիկական օրդինատորուրայի տարիներին էր մտածում Հայաստանում այդ մեթոդի ներդրման մասին։ Նա Ռուսաստանում գտել է նման ձուլվածքից օրթոպեդիկ կոնստրուկցիաներ արտադրողների, պայմանավորվել նրանց հետ: Իսկ Հայաստանում նրա նախաձեռնությանն աջակցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիայի ու վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը։

Այսօր արդեն ութ վիրահատություն է իրականացվել՝ նիտինոլ կոչվող ձուլվածքից պատրաստված կոնստրուկցիաների կիրառմամբ։ Այդ ձուլվածքը 55 տոկոս նիկել ու 45 տոկոս տիտան է պարունակում։ Արդեն կարելի է խոսել Հայաստանում ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված օրթոպեդիկ իմպլանտատների հաջող ներդրման մասին։

Վիրահատություններից մեկը «Իզմիրլյան» ԲԿ-ում Միքայել Բուռնուչյանն ու Արմեն Չարչյանը վերջերս են իրականացրել։ Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումից հետո հիվանդի մոտ տեղի էր ունեցել ազդրային ոսկորի երկայնական կոտրվածք։ Բժիշկները կոտրվածքի տեղում նիտինոլից պատրաստված երեք կիսաօղակաձեւ աքցան են տեղադրել։ Դրան կարող էր այլընտրանք լինել ռեվիզիոն վիրահատությունը՝ մեգապրոթեզի, հարթակի ու պտուտակների տեղադրումով։

Եւս մեկ հետաքրքիր վիրահատություն է իրականացվել անրակի կոտրվածքով 16-ամյա հիվանդին։ Նրան տեղադրել են ինտրամեդուլյար լար ու S-աձեւ աքցան։

Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ առաջինը այս շարքում եղել է կեղծ հոդի բուժման վիրահատությունը։ Օրթոպեդիայում կեղծ հոդ են անվանում այն պաթոլոգիական վիճակը, երբ կոտրվածքից հետո ոսկորը ինչ-ինչ պատճառներով չի կպնում։ Հիվանդի մոտ ձեւավորվել էր նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդ։ Հունիսի 15-ին նրան վիրահատել են  նիտինոլից պատրաստված S-աձեւ աքցանի եւ ինտրամեդուլյար լարի գործածումով։ Այդ իմպլանտները փաստորեն փոխարինել են Իլիզարովի ապարատը, որը գործածվում է նման դեպքերում։ «Հինգ ամիս հետո ունենք արդեն ճաճանչոսկրի սերտաճած վիճակ, իսկ ծղիկոսկրը ընթացքի մեջ է։ Բայց պետք է սպասել  ևս երկու տարի, վիրահաության վերջնական հաջողության մասին խոսելու համար», - ասաց բժիշկը։

Միքայել Բուռնուչյանը պարզաբանեց, որ ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաները կարելի է կիրառել թարմ կոտրվածքների, ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, կեղծ հոդերի, օրթոպեդիկ հիվանդությունների ժամանակ։

«Միտքը ոսկրաբեկորների մշտական կոմպրեսիան է, այսինքն, ձեւի հիշողությամբ մետաղն ինքն իր ուժով սեղմում է ոսկրաբեկորները։ Սեղմվելուց ոսկրացումը ավելի արագանում է։ Սա միակ մետաղն է բժշկության մեջ, որն ունի սեղմող ուժ։ Կան տարբեր ձեւերի եւ չափերի կոնստրուկցիաներ՝ ունիվերսալ պտուտակ, մետաղյա լար, սերկլյաժ։ Դրանք հնարավոր է կիրառել բոլոր մետաղների հետ օստեոսինթեզի ժամանակ, հարթակով պտտուտակներով ֆիքսելու ժամանակ, արտաօջախային ապարատների հետ համատեղ», - ասաց նա։

Բժիշկը նշեց, որ դիաֆիզար կոտրվածքների դեպքում միայն այս մետաղից կոնստրուկցիաների կիրառումը բավական չէ, պետք է նաեւ արտաքին ֆիքսացիա։  Իսկ մետաֆիզար, մետաէպիֆիզար կոտրվածքների դեպքում դրանց մտաբիլարյան տեսանկյունից գործածումը բավական է։ Նա հավելեց, որ ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաները կիրառվում են նաեւ  հալուքս վալգուսների, հարթաթաթության, ակրոմիալ-անրակային հոդի հոդախախտերի, արմնկելունի կոտրվածքի ժամանակ։ Սակայն դրանք չի կարելի կիրառել բազմաբեկորային կոտրվածքների դեպքում, քանի որ կարող է տեղի ունենալ ոսկրաբեկորների ոչ ճիշտ համադրում: Այսինքն՝ դրանք կիրառվում են միայն գծային միջաձիգ կոտրվածքների ժամանակ։

Ձեւի հիշողությամբ մետաղների կոնստրուկցիաները հետագայում հանվում են մարդու մարմնից, ինչպես եւ մյուս մետաղական կոնստրուկցիաները։

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը նշեց, որ հիշողությամբ մետաղների կիրառումը միշտ արդիական է եղել վնասվածքաբանության եւ օրթոպեիդայի մեջ, որովհետեւ դրանցով կարելի է հասնել ոչ միայն կոտրված ոսկորների կոմպրեսիայի, որը խթանում է ոսկրագոյացումը, եւ ոսկրաբեկորների սերտաճումը, այլ նաեւ կատարել համադրումներ, ուղղումներ, կորեկցիաներ եւ այլն։

«Ուսումնասիրելով դաշտը, մենք որոշեցինք փորձարկել դա Հայաստանում։ 8 վիրահատություն ունենք արված, եւ կարճաժամկետ արդյունքները շատ դրական են։ Ունենք դեպք, երբ շատ կարճ ժամանակում կեղծ հոդի սերտաճում գնաց, այսինքն որոշակիորեն մետաղն իր վրա վերցրեց Իլիզարովի ապարատի ֆունկցիան, մշտապես կոմպրեսիա ապահովեց։ Մեթոդն անփոխարինելի էր էնդոպրոթեզից հետո պերիպրոստետիկ կոտրվածքի ժամանակ՝ շատ ատրավմատիկ, շատ քիչ ինտրավիրահատական տրավմա պատճառող վիրահատություն կատարեցինք։ Ես տեսնում եմ մեթոդի համար լուրջ ապագա Հայաստանի Հանրապետությունում», - ասաց նա։

Միքայել Բուռնուչյանն էլ հավելեց, որ բոլոր հիվանդները տեղեկացված են եղել այն մասին, որ իրենց տեղադրելու են ձեւի հիշողությամբ մետաղներ, ու տվել են իրենց համաձայնությունը՝ այդ նոր տեխնոլոգիայի կիրառման համար։ Ինչ վերաբերում է գնին՝ ապա նիտինոլից պատրաստված կոնստրուկցիաները հասանելի են բնակչության բոլոր խավերի համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի