• Latest news

Ինչու՞ է անհրաժեշտ բժշկի գնալ նույնիսկ ախտանշաններ չունենալու դեպքում

12 դեկտեմբերի, 2017  15:43

Քաղցկեղի տարատեսակների մեծամասնությունն այսօր հաջողությամբ բուժվում է այն պայմանով, որ այն ժամանակին՝ ամենավաղ փուլում, հայտնաբերվի: Ինչպես նշում է Հայ–ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, որպեսզի քաղցկեղային հիվանդությունները ժամանակին հայտնաբերվեն, ցանկալի է պարբերաբար հետազոտվել, նույնիսկ եթե ոչ մի անհանգստացնող ախտանշան չկա: Այդ հիվանդությունների դաժանությունը հենց այն է, որ երկար ժամանակ դրանք կարող են չարտահայտվել, եւ մարդը մտածի, որ ինքն առողջ է: Ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը նշել է, որ որոշ կանանց թվում է, որ եթե իրենք ինքնահետազոտման ժամանակ իրենց կրծքում ոչ մի գոյացություն չեն շոշափում, ապա առողջ են եւ կրծքի քաղցկեղ չունեն: Բայց խնդիրն այն է, որ շոշափել կարելի է միայն 1,5 սանտիմետր (որքան կնոջ կուրծքը մեծ է, այնքան դժվար է այնտեղ ուռուցք շոշափել) չափով ուռուցքը, իսկ փոքր ուռուցքները կարելի է հայտնաբերել միայն ուլտրաձայնային կամ մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ:

Մասնագետների խոսքով, եթե կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլում, երբ ուռուցքը դեռ մի քանի միլիմետր է, այն համարյա 100 տոկոսով կարելի է բուժել՝ պահպանելով կնոջ կուրծքը:

Կանանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը՝ արգանդի պարանոցի քաղցկեղը նույնպես ոչ մի ախտանշան չունի՝ ընդհուպ մինչեւ ամենավերջին փուլերը: Գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը նշում է, որ այդ քաղցկեղի հայտնաբերումը հնարավոր է միայն գինեկոլոգիական հետազոտությամբ, եթե հիվանդությունն արդեն բավականին ուշ փուլում է, իսկ ավելի վաղ փուլում արգանդի պարանոցի քաղցկեղն ու, նույնիսկ, նախաքաղցկեղային վիճակները կարելի է հեշտությամբ հայտնաբերել ՊԱՊ թեստի միջոցով: Նախաքաղցկեղ հայտնաբերելով՝ այն կարելի է հաջողությամբ բուժել՝ պահպանելով կնոջ վերարտադրողականությունը, ընդգծել է մասնագետը:

Որոշ կանայք պարբերաբար կանխարգելիչ հետազոտություններից հրաժարվելը մեկնաբանում են գումարի բացակայությամբ: Հարկ է նշել, որ շատ հետազոտություններ այսօր անվճար են իրականացվում՝ բնակության վայրի պոլիկլինիկայում (օրինակ՝ ՊԱՊ թեստը, սքրինինգային ծրագրի շրջանակներում, ֆինանսավորում է Համաշխարհային բանկը): Եթե ինչ-որ պատճառով կինը չի վստահում պոլիկլինիկային, նա կարող է այդ հետազոտությունն անցնել մասնավոր բժշկական կենտրոններում, եւ դրանց արժեքը, ինչպես նշում է Խաչանուշ Հակոբյանը, այդքան բարձր չէ, ինչպես ոմանց թվում է: Այսպես՝ կրծքագեղձի ՈՒՁՀ-ն, որ 35-40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում ամեն տարի անցնել, 10 000 դրամ է, իսկ մամոգրաֆիան, որը խորհուրդ է տրվում 40-45 տարեկան կանանց՝ 20 000 դրամ: ՊԱՊ թեստը արժե մոտ 5000 դրամ:

Խաչանուշ Հակոբյանը նշում է, որ եթե կինն ուզում է առողջ լինել, տարվա ընթացքում կարող է հավաքել այդ գումարն ու հետազոտվել: Իսկ եթե նրա մոտ կա նորագոյացություն, ապա որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան ավելի մեծ կլինի այն բուժելու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի