• Latest news

Մոր եւ մանկան առողջության պահանման կենտրոնում 2 եռյակ կա. մեկը նոր է ծնվել, մյուսին դուրս են գրում (ֆոտո)

25 հունվարի, 2018  18:53

Այսօր՝ հունվարի 25-ին, Մոր եւ մանկան առողջության պահանման գիտահետազոտական կենտրոնում եռյակ է ծնվել՝ 2 աղջիկ եւ 1 տղա: Իսկ 2 ամիս առաջ կրկին այստեղ ծնված եռյակը՝ նույնպես 2 աղջիկ եւ 1 տղա, ծննդատնից արդեն դուրս է գրվում:

24-ամյա Արփինե Սամվելյանի եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ մինչեւ հղիության 35-րդ շաբաթը. այս երեխաներին արդեն կարելի է գրեթե հասունացած համարել: Տղան կշռում է 2220 գրամ, աղջիկները՝ 2440 եւ 1930 գրամ: Բժիշկների գնահատմամբ՝ նրանց վիճակը բավարար է, սակայն դեռեւս ինտենսիվ խնամքի կարիք ունեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

31-ամյա Լուսինե Գրիգորյանի երեխաները, ի տարբերություն այս եռյակի, մի փոքր ավելի վաղ են ծնվել՝ հղիության 29-րդ շաբաթում: Դեկտեմբերի 2-ին ծնվելիս նրանք ունեցել են՝ 1090, 1100 եւ 1190 գրամ քաշ: Այսօր արդեն կշռում են՝ 1580, 1760 եւ 1690 գրամ:

Հետաքրքիր է, որ եռյակով հղիությունը անակնկալ է եղել թե՛ Արփինեի, թե՛  Լուսինեի համար. 2 հղիությունն էլ ինքնաբերական են եղել՝ նրանք վերարտադրողական ոչ մի օժանդակ տեխնոլոգիա չեն կիրառել: Արփինեի մոտ սա առաջին հղիությունն է, Լուսնեն արդեն որդի ունի. նա ամուսնու հետ վաղուց էր ցանկանում երկրորդ երեխա ունենալ, իսկ ստացան միանգամից երեքին:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ ինքը միաժամանակ ուրախացավ եւ անհանգստացավ, երբ իմացավ, որ ունենալու է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք երեխա. նա շատ լավ գիտեր, որ եռյակի հղիությունն ամենեւին նման չէ միապտուղ հղիությանը, դրանից բացի՝ եռյակները սովորաբար անհաս են ծնվում, ինչի պատճառով կարող են մի շարք խնդիրներ ու բարդություններ ունենալ:

Լուսինեի խոսքով՝ երեխաների ծնվելուց հետո առաջին օրերը բավականին ծանր էին՝ թե՛ իր համար, թե՛ բուժանձնակազմի, քանի որ անհաս երեխաների խնամքը շատ դժվար գործ է: Սակայն երբ երեխաների վիճակը կայունացավ, Լուսինեն սկսեց մասնակցել նրանց խնամքին եւ օգտվել, այսպես ասած, Կենգուրուի մեթոդից: Օրական մի քանի ժամ նա երեխաներին կրում էր իր կրծքի վրա՝ ապահովելով մաշկը մաշկին շփումը եւ նրանց տաքացնելով. համարվում է, որ Կենգուրուի մեթոդը նկատելիորեն մեծացնում է անհաս երեխաների ողջ մնալու հավանականությունը:

«Երբ ծնվում է նորմալ հասունացած երեխա, դու նրան անմիջապես գիրկդ ես առնում: Իսկ եթե երեխաներն անհաս են, դու չես կարող նրանց գրկել, դու ամբողջ ժամանակ նրանց համար անհանգստանում ես, եւ սա մեծ սթրես է,- խոստովանեց Լուսինեն: - Իսկ հետո, հենց սկսվում է  «Կենգուրուն», ամեն ինչ կտրուկ փոխվում է: Վեջապես իրականանում է մաշկը մաշկին շփումը, եւ անմիջապես դրական զգացումներ են հայտնվում»:

Լուսինեի եռյակին անվանակոչել են՝ Աննա, Մարիա եւ Հակոբ: Անունների ընտրությանն օգնել է ավագ որդին, որը հիմա անհամբերությամբ իրենց տուն վերադառնալուն է սպասում: Ինչպես Լուսինեն պատմեց, նա ամբողջ ժամանակ իրեն զանգահարում եւ հետաքրքրվում է, թե երեխաներն իրենց ինչպես են զգում, եւ երբ վերջապես տանը կլինեն:

«Նա հերթով հարցնում է յուրաքանչյուր երեխայի մասին՝ ինչպե՞ս է Աննան, ինչպե՞ս է Հակոբը, ինչպե՞ս է Մարիան: Կերե՞լ են արդյոք: Ուրախանո՞ւմ են, երբ ինձ տեսնում են: Ես նրան հարցրեցի՝ ուրախանո՞ւմ է, երբ ինձ տեսնում է, ինչին պատասխանեց. «Ես վերջին ժամանակները քեզ գրեթե չեմ տեսնում, ոնց ուրախանամ»,- պատմեց Լուսինեն:

Սակայն արդեն վաղվանից տղան կկարողանա տեսնել ե՛ւ մորը, ե՛ւ եղբորն ու քույրերին:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Կենտրոնի ղեկավար Գեորգի Օկոեւը, 2015-ից 2017 թվականները Կենտրոնում 14 եռյակ է ծնվել եւ 191 զույգ երկվորյակ: Հետաքրքիր է, որ այս տարիներին արտամարմնական բեղմնավորմանը բաժին է ընկել երկվորյակների միայն 35 տոկոսը, մյուս բոլորը բեղմնավորվել են բնական ճանապարհով: Ինչ վերաբերում է եռյակներին, եթե 2015 թվականին բոլոր 8 եռյակները բեղմնավորվել էին ԱՄԲ միջոցով, ապա 2017-ին եռյակով 3 հղիությունից 2-ը ինքնաբերական էին:

Ինչես իր հերթին նշեց ԳՀԿ նորածինների բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, 2017-ին Կենտրոնում լույս աշխարհ եկած 57 զույգ երկվորյակներից 27-ը հասուն են ծնվել: Մնացյալ 30 զույգ անհաս երկվորյակները եւ 3 անհաս եռյակները նորածինների վերակենդանացման բաժանմունքում համալիր թերապիա են ստացել. նրանք բոլորը ողջ են մնացել, քաշ հավաքել եւ հիվանդանոցից դուրս գրվել:

    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի