• Latest news

Էնդոպրոթեզներ. կերամիկականներն ընդդեմ մետաղականների

23 մայիսի, 2014  12:51

Կերամիկական էնդոպրոթեզները դեռեւս շատ հազվադեպ են օգտագործվում Հայաստանում, կարծում է Գերմանիայից ժամանած օրթոպեդ եւ գիտական խորհրդատու, դոկտոր Ֆոլկեր Ատցրոդտը (Volker Atzrodt)։  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցելիս նա նշեց, որ կերամիկական պրոթեզները ունեն մի շարք առավելություններ՝ մետաղականների հետ համեմատած։ Այդ պատճառով բազմաթիվ երկրներում նրանք տարեց տարի դառնում է ավելի հայտնի։

«Մեզ մոտ՝ Գերմանիայում, կերամիկական պրոթեզները մեծ տարածում ունեն։ Ամեն տարի Գերմանիայում կատարվում է կոնքազդրային հոդերի ավելի քան 200000 վիրահատություն, որոնցից երկու երրորդը կերամիկական գլխիկներով, իսկ մեկ հինգերորդը կերամիկական ներդիրներով»,-ասաց բժիշկը։ Կերամիկայի օգտագործումը ամբողջ աշխարհում ամեն տարի ավելանում է 15%-ով, նշեց Ֆոլկեր Ատցրոդտը։ «Այժմ աշխարհում կատարվում է մոտ 2.5-3 միլիոն կոնքազդրային հոդերի վիրահատություն, եւ դրանցից 1 միլիոնը՝ կերամիկայի օգտագործմամբ»,-ասաց նա։ 

Իսկ ո՞րն է հիմնական տարաբերությունը կերամիկական եւ մետեղական էնդոպրոթեզների միջեւ

1. Բժշկի խոսքերով առաջին հերթին մետաղական էնդոպրոթեզները որոշ հիվանդների օրգանիզմը թունավորող իոններ են  անջատում։ Շատ հաճախ խնդիրներ ստեղծում են այն պրոթեզները, որոնց մետաղյա գլխիկը միանում է մետաղական ոտիկին, հատկապես, եթե ոտիկը պատրատված է մեկ այլ մետաղից։ Ի տարբերություն մետաղների՝ կերամիկան բիոիներտ է, այսինքն՝ ոչ մի հակազդեցություն չի առաջացնում։

2.Մետաղական գլխիկները պոլիէթիլենային ներդիրների հետ միասին, ունեն սահմանափակ ժամկետներ եւ արագ մաշվում են. 15-20 տարի հետո պետք է պրոթեզը փոխել։ Այդ պատճառով երիտասարդներին խորհուրդ է տրվում օգտագործել կերամիկա՝ մետաղների փոխարեն, քանի որ այն ունի «գրեթե զրոյական մաշվածություն», - նշեց բժիշկը։ «Կարելի է ասել, որ կերամիկական պրոթեզը ամբողջ կյանքի համար է, քանի որ հետագայում այլեւս ոչ մի վիրահատության կարիք չի լինի»,-ասաց Ֆոլկեր Ատցրոդտը։

Ըստ բժշկի Գերմանիայում, ինչպես նաեւ շատ այլ եւրոպական երկրներում, նախապատվությունը տրվում է կերամիկական պրոթեզներին, հատկապես եթե խոսքը վերաբերում է երիտասարդ հիվանդներին։ Պատճառը կրկին նույնն է. այն ավելի երկար է ծառայում։ Մյուս կողմից նրանց մոտ երիտասարդ համարվում են մինչեւ 70-75 տարեկան բոլոր հիվանդները։ «Եթե մարդն ապրում է 70 տարի, մեծ հավանականություն կա, որ նա կապրի մինչեւ 100 տարի։ Նշանակում է, որ պետք է այնպիսի մի նյութ, որը կպահպանվի գոնե 30 տարի»,- ասաց բժիշկը։

Իսկ ինչու՞ են Եվրոպայում շարունակում օգտագործել մետաղական պրոթեզները, եթե դրանք մեծապես զիջում են կերամիկականներին։ Ֆոլկեր Ատցրոդտը կարծում է, որ առաջին հերթին մեծ նշանակություն ունի ավանդույթը. չէ՞ որ նախկինում օգտագործվել են միայն մետաղներ եւ պոլիէթիլեն, եւ շատերը փոփոխությունները դժվար են ընդունում։ Սակայն բժիշկը նաեւ նշեց, որ մետաղ-մետաղ զույգից Եվրոպայում արդեն հրաժարվել են ՝դրանցից առաջացող մի շարք խնդիրների պատճառով։ Սակայն մետաղ-պոլիէթիլեն զույգը դեռեւս օգտագործվում է եւ որոշակի նոր զարգացումներ կան այս բնագավառում։

Ինչու՞ Հայաստանում կերամիկական պրոթեզները հազվադեպ են օգտագործվում։

Ֆոլկեր Ատցրոդտի կարծիքով ամեն ինչ կապված է այս պրոթեզների գնի եւ երկրի բժշկական համակարգի հետ։ Կերամիկական պրոթեզներն ավելի թանկարժեք են, քան մետաղականները, իսկ քանի որ Հայաստանում հիվանդները իրենք են գնում էնդոպրոթեզները, շատերը նախընտրում են ավելի մատչելին։

Դոկտոր Ֆոլկեր Ատցրոդտը ժամանել է Հայաստան՝ այստեղ կազմակերպված վնասվածքաբանների եւ օրթապեդների VI համագումարին մասնակցելու համար։ Մայիսի 22 նա ներկայացրեց զեկույց «Կոնքազդրային հոդերի պրոթեզավորման զույգերի ներդնման կլինիկական փորձի» մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի