• Latest news

Գիտնականներն առաջին անգամ վերականգնել են ողնաշարի հին կոտրվածքով երեք անդամալույծների ոտքերի շարժունակությունը

1 նոյեմբերի, 2018  18:16

Շվեյցարիայից գիտնականներն առաջին անգամ վերականգնել են ողնաշարի հին կոտրվածքով երեք անդամալույծների ոտքերի շարժունակությունը: Այս մասին հայտնում են Nature եւ Nature Medicine ամսագրերը:

Լոզանի Բարձրագույն պոլիտեխնիկական ինստիտուտից նեյրոֆիզիոլոգ Գրեգուար Քուրթինը եւ նրա գործընկերները ուշադրություն են դարձրել, որ ողնուղեղի նույնիսկ ամենածանր վնասվածքների դեպքում նյարդային մանրաթելերի մի մասն անխաթար է մնում: Հետագա փորձերը ցույց են տվել, որ հատուկ էլեկտրոդներով այս նեյրոնների էլեկտրախթանումը, ինչպես նաեւ հատուկ «էկզոկմախքում» մարզումները առնետներին եւ մակակներին թույլ են տվել նրանց ողնաշարը մասնակի կտրելու դեպքում գրեթե ամբողջությամբ վերականգնել իրենց ոտքերի շարժունակությունը:

Քուրթինը եւ նրա գործընկերները հրապարակել են այսպիսի առաջին փորձերի արդյունքները, որոնք նրանք անցկացրել են Նիդեռլանդներից եւ Շվեյցարիայից երեք կամավորների վրա, որոնք մոտ 4-5 տարի առաջ քայլելու ունակությունը կորցրել էին ճանապարհային պատահարի կամ սպորտով զբաղվելու ժամանակ դժբախտ դեպքի հետեւանքով:

Տեղայնացնելով այն կետը, որտեղ նրանց ողնուղեղը վնասված էր, գիտնականները սկսել են կամավորների հետ անցկացնել վարժությունների եւ փորձերի այն նույն շարքը, ինչ որ կենդանիների հետ: Նրանց դրել են էկզոկմախքի մեջ, խնդրել են պատկերացնել, թե գնում են վազքուղիով, եւ գրանցել են ուղեղի արձակած ազդանշանները:

Էլեկտրոդների իմպլանտացումից հետո Քուրթինը եւ նրա գործընկերները այս ազդանշանները սկսել են ուղարկել հիվանդների ողնուղեղ՝ այդ նույն վազքուղով «վազելու» ժամանակ նրանց ոտքերը ծալելով եւ բացելով: Ընդամենը մեկ շաբաթ հետո կամավորները սովորել են ինքնուրույն կանգնել եւ ավտոմատ քայլեր կատարել, իսկ 2-3 շաբաթ հետո սկսել են ոտքերով կամայական շարժումներ կատարել:

Ինչպես նշում է Քուրթինը, մոտ 5 շաբաթվա մարզումներից հետո նրանք սովորել են «էկզոկմախքում» վազքուղիով ինքնուրույն քայլել՝ երկար ժամերի ու կիլոմետրերի ընթացքում կողմնակի աջակցության կարիք չունենալով: Նրանցից երկուսը հիմա կարողանում են ինքնուրույն շարժվել նույնիսկ առանց խթանիչի օգնության:

Քուրթինն ընդգծել է, թե չարժի հրաշքի սպասել եւ բոլոր անդամալույծների լիակատար առողջացման: Եթե հիվանդը վերապրել է ողնուղեղի ամբողջական կտրվածք եւ դրա մեջ չեն մնացել «անվնաս» մանրաթելեր, ապա խթանման նման համակարգ օգտագործելով՝ նա չի կարողանա ինքնուրույն քայլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի