• Latest news

Ինչպիսին պետք է լինի հղի կնոջ օրաբաժինը. պատմում է փորձագետը

30 նոյեմբերի, 2018  18:30

Հղիության ժամանակ կնոջ դիետան պետք է բազմազան լինի. շաքարավազի եւ աղի ընդունումը անհրաժեշտ է նվազագույնի հասցնել: Այս մասին NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանության վարչության պետ Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով, հղիության ժամանակ կնոջ օրվա սննդում հիմնականում պետք է ներառված լինեն  ածխաջրերը: Դա հացն է, հատիկավորները, մակարոնը, բրրինձը, եգիպտացորենը, հնդակաձավարը, վարսակաձավարը:

Այս խմբի մթերքներում պարունակվում են մասնավորապես В խմբի վիտամիններ, վիտամին C, կարոտինոիդներ, երկաթ, ցինկ, կալիում, կալցիում: Ամեն օր պետք է այս մթերքներից 6-11 չափաբաժին օգտագործել:

Մեկ չափաբաժինը օրինակ՝ 30-40 գրամ հաց է կամ մեկ բաժակ պատրաստի մակարոն կամ ½ բաժակ բրինձ, մեկ միջին չափի կարտոֆիլ:

Չպետք է մոռանալ, որ մրգերը եւ բանջարեղենը վիտամիններ եւ միկրոտարրեր են պարունակում, որոնք կարեւոր նշանակություն ունեն իմունիտետի բարձրացման համար: Այդ կապակցությամբ կարեւոր է ամեն օր 3-5 չափաբաժին բանջարեղեն եւ 2-4 չափաբաժին միրգ օգտագործել: Մեկ չափաբաժինը միջին չափի պոմիդոր կամ խնձոր է, դեղձ, տանձ, ծիրան, երկու սալոր, 1/3 բաժակ ազնվամորի, կարմիր կամ սեւ հաղարջ, 100 գրամ բանջարեղեն:

«Շաքարավազը եւ աղը պետք է նվազագույն քանակով օգտագործել, լիովին հրաժարվել ալկոհոլից», - նկատեց Ավագյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ հղիության ժամանակ կանայք աղի կերակուր են շատ սիրում, փորձագետն ասաց, որ դա ժամանակավոր երեւույթ է:

Խորհուրդ է տրվում նաեւ ամեն օր 3 չափաբաժին ցածր յուղայնությամբ կաթնամթերք օգտագործել: Մեկ չափաբաժինը 200 մլ մածուն կամ կաթն է, 45 գրամ պանիրը կամ 100 գրամ կաթնաշոռը: Կաթնամթերքներում B, A խմբի վիտամիններ կան, ինչպես նաեւ կալցիում, որը կարեւոր դեր է խաղում երեխայի ուղեղի եւ ոսկրերի զարգացման գործում:

Ամեն օրվա սննդակարգում հարկավոր է նաեւ բուսական յուղ (ձիթայուղ, արեւածաղկի կամ եգիպտացորենի յուղ) ներառել:

Կենդանական եւ բուսական սպիտակուցների, ինչպես նաեւ երկաթի կարեւոր աղբյուր են միսը, ձուկը, թռնչամիսը, ընկույզները: Դրանց դեպքում պետք է օրական երեք չափաբաժիններով սահմանափակվել: Մեկ չափաբաժինը դա 80 գրամ ոչ յուղոտ ձուկն է, թռչնամիսը կամ տավարի միսը, երկու միջին չափի ձուն կամ 150-200 գրամ լոբազգիներից, 100-150 գրամ ընկույզ:

Օրական պետք է 6-8 բաժակ ջուր խմել, խուսափել քաղցր գազավորված ըմպելիքներից, կոֆեինի պարունակության պատճառով նվազեցնել թեյի եւ սուրճի օգտագործումը: Քաղցրավենիքները եւ թխվածքները պետք է ոչ ավել, քան շաբաթը մեկ անգամ ուտել:

«Սովորաբար կինն հղիության 9 ամիսների ընթացքում պետք է 10-14 կգ քաշ հավաքի», - ասաց Ավագյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի