• Latest news

Դիաբետիկ ռետինոպատիա. Ինչո՞ւ չի կարելի այս խնդիրն անտեսել

29 դեկտեմբերի, 2018  12:42

Շաքարային դիաբետը շատ տարածված հիվանդություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում, իսկ դիաբետիկ ռետինոպատիան այս հիվանդության առավել տարածված բարդացումներից մեկն է, որը կարող է տեսողությանը ծանր վնաս հասցնել, իսկ երբեմն տեսողությունից ամբողջությամբ զրկել:

Ի՞նչ է դիաբետիկ ռետինոպատիան: Ինչո՞ւ է այն այդքան վտանգավոր: Կարելի՞ է արդյոք այն բուժել: Այս հարցերի շուրջ է NEWS.amMedicine-ի զրույցը «Աստղիկ» ԲԿ ականաբուժական բաժանմունքի կլինիկական ղեկավար, վիտրեորետինալ վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանի հետ:

Մասնագետի պարզաբանմամբ՝ դիաբետիկ ռետինոպատիան շաքարային դիաբետի բարդություն է եւ այս հիվանդությամբ շատ մարդկանց մոտ է դիտվում, հատկապես նրանց մոտ, ում չի հաջողվում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պատշաճ կերպով կոմպենսացնել:

Եթե մարդու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայից բարձր է եւ երկար ժամանակ բարձր մակարդակում է պահպանվում, նրա անոթները սկսում են վնասվել եւ վատ են կատարում իրենց գլխավոր ֆունկցիան՝ հյուսվածքներն ու օրգանները թթվածնով եւ սննդարար նյութերով ապահովելը: Աչքի ցանցաթաղանթը «սնուցում» են մանր անոթները, որոնց վնասումը բերում է նրան, որ հյուսվածքները անհրաժեշտ քանակությամբ թթվածին չեն ստանում, ցանցաթաղանթում սկսում են կուտակվել անցանկալի նյութեր, իսկ հյուսվածքները սկսում են վնասվել: Այս ամենը տեսողության վատթարացում է առաջացնում, իսկ համարժեք բուժման բացակայության դեպքում՝ նաեւ կուրություն:

Մասնագետի պարզաբանմամբ՝ եթե նախ վնասվում է ցանցաթաղանթի կենտրոնական հատվածը, պացիենտն արագ է զգում տեսողության վատթարացումը եւ բժշկի է դիմում: Նման դեպքում ճիշտ բուժման շնորհիվ հնարավոր է տեսողության կորուստը կասեցնել: Իսկ եթե խնդիրը սկսվում է ծայրամասային հատվածից, պացիենտը տեսողության վատթարացումն ամենեւին անմիջապես չի գիտակցում: Նույնիսկ եթե բժիշկը զննելիս խնդիրը տեսնում է եւ այդ մասին պացիենտին հայտնում, վերջինը չի գիտակցում դրա ամբողջ լրջությունը, քանի որ տեսողությունը դեռեւս շարունակում է լավ մնալ:

Ինչպես շատ այլ հիվանդությունների դեպքում, դիաբետիկ ռետինոպատիայի ժամանակին ախտորոշումը եւ դրան հաջորդող գրագետ բուժումը զգալիորեն բարելավում են կանխատեսումները: Իսկ վաղ ախտորոշման համար անհրաժեշտ է ոչ միայն մասնագետների փորձը, այլեւ լավ սարքավորում: «Աստղիկ» ԲԿ ակնաբուժական բաժանմունքը հագեցած է Հայաստանում OST-անգիոգրաֆիա անցկացնելու միակ սարքավորմամբ, որը հնարավորություն է տալիս առանց կոնտրաստային դեղամիջոցների ներարկման հետազոտել ոչ միայն մակերեւութային, այլեւ խորը ռետինալ անոթային ցանցը, ինչպես նաեւ նոր ձեւավորված անոթային անոմալիաները հայտնաբերել խորիոիդեայի մակարդակում եւ ցանցաթաղանթի արտաքին շերտերում: Այս հետազոտության շնորհիվ դիաբետիկ ռետինոպատիան կարելի է հայտնաբերել վաղ փուլերում, իսկ ստացած արդյունքները կօգնեն նաեւ բուժման ճիշտ մարտավարության ընտրությանը:

Ինչպես նշեց բժիշկ Թ. Հովհաննիսյանը, բուժումը կախված է պացիենտի վիճակի ծանրությունից. որոշ դեպքերում նրան կարող է ցուցված լինել ոչ մեծ վիրահատությունը, որի ժամանակ լազերի միջոցով կարելի է հասնել ցանցաթաղանթի արյան մատակարարման բարելավման, այլ դեպքերում կարող են ցուցված լինել ինտրավիտրեալ ներարկումները ակնախնձորի մեջ, որոնք կօգնեն այտուցի վերացմանը եւ աչքի վիճակը կբարելավեն: Պատահում են նաեւ դեպքեր, երբ բուժումը ներառում է ինչպես վիրաբուժական միջամտություն, այնպես էլ պարբերական ներարկումներ:

Որքանո՞վ է այս ամբողջ բուժումն արդյունավետ:

Մասնագետը նշեց, որ դիաբետիկ ռետինոպատիայի հետեւանքով վնասված տեսողության վերականգնումը ամենեւին ոչ միշտ է իրատեսական, սակայն նորագույն սարքավորման եւ փորձառու մասնագետների շնորհիվ ավելի քան 90 տոկոս դեպքերում հաջողվում է շատ լավ արդյունքների հասնել: Պացիենտների մոտ 3-5 տոկոսի տեսողությունը բավարար է լինում, հատուկ ծանր դեպքերում, երբ պացիենտը բուժման է գալիս գրեթե կուրացած, մասնագետներին հաջողվում է նրա տեսողությունը 5-10 տոկոսով վերականգնել. իհարկե, նման պացիենտը գրաֆիկական դիզայնով չի զբաղվի, սակայն բավարար կտեսնի, որպեսզի առօրյա կյանքում կողմնակի օգնության կարիք չունենա:

Իսկ ամենաբարձիթողի դեպքերում (գրեթե 1-3 տոկոս դեպքերում) պացիենտի տեսողության վերականգնումն արդեն անհնար է. նման դեպքերում մասնագետներն արդեն աշխատում են պացիենտի աչքը, որպես օրգան, պահպանելու ուղղությամբ, թեկուզ եւ չտեսնող, որպեսզի դիաբետիկ ռետինոպատիայի բարդացման հետեւանքով ստիպված չլինեն այդ աչքը հեռացնել:

Հնարավո՞ր է դիաբետիկ ռետինոպատիայի կանխարգելումը:

Քանի որ այս հիվանդության զարգացմանն է բերում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը, դիաբետիկներին խորհուրդ է տրվում առաջին հերթին ուշադիր հետեւել իրենց առողջությանը եւ դիաբետը կոմպենսացնել՝ շաքարի մակարդակը նորմայի շրջանակում պահել: Ավելին՝ եթե առողջ մարդկանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ գնալ ակնաբույժի մոտ կանխարգելիչ զննման, ապա դիաբետով մարդկանց՝ կես տարին մեկ, հատկապես եթե նրանց մոտ դիաբետն առկա է ավելի քան 10 տարի: Մասնագետը պացիենտի աչքը զննելով խորհուրդներ կտա, թե ինչ պետք է անի տեսողությունն առավելագույն սուր պահելու համար, նույնիսկ չնայած դիաբետին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի