• Latest news

Մեկ մարդը եւ նույնիսկ մեկ կլինիկան անզոր են մանկական քաղցկեղի դեմ, համագործակցություն է անհրաժեշտ. Երեւանում են աշխարհի 180 մանկական ուռուցքաբաններ

9 փետրվարի, 2019  15:08

Մեկ մարդը եւ նույնիսկ մեկ կլինիկան անզոր են մանկական քաղցկեղի դեմ. դրա դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի մասնագետների եւ կլինիկաների համագործակցությունը, պնդում է հայտնի մանկական ուռուցքաբան Ռայա Սաաբը (Լիբանան):

Նրա խոսքով՝ կլինիկաների եւ մասնագետների միջեւ համագործակցությունը երեխաների քաղցկեղային հիվանդությունների բուժման լավագույն մոտեցումները գտնելու հնարավորություն է տալիս, տարբեր գիտաժողովներում շփվելով եւ վերապատրաստում անցնելով՝ տարբեր երկրների մասնագետները միմյանց են փոխանցում իրենց գիտելիքները, փորձը, այդ բոլոր երկրներում բարձրացնելով բուժման մակարդակը:

Ռայա Սաաբը Հայաստան է եկել մասնակցելու Մանկական ուռուցքաբանության արեւելյան եւ միջերկրածովյան խմբի (POEM) խոշոր գիտաժողովին, որը Երեւանում է հավաքել աշխարհի 40 երկրներից 180-ից ավելի մանկական ուռուցքաբանների: Գիտաժողովի ժամանակ Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի գիտական խորհուրդը դոկտոր Ռայա Սաաբին պատվավոր դոկտորի կոչում է շնորհել մանկական ուռուցքաբանության ոլորտում բժշկական գիտության եւ պրակտիկայի զարգացման մեջ ավանդի համար:

Դոկտոր Սաաբի խոսքով՝ մանկական քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է նաեւ գրագետ աշխատանք կառավարության, մասնավոր հատվածի եւ հիմնադրամների հետ: Այսօր բուժման գները շատ բարձր են. ե՛ւ բուժման, ե՛ւ ենթակառուցվածքների զարգացման, ե՛ւ երկրում լավ մասնագետներին պահելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ: Այսօր կան բուժման մեծ թվով նոր եւ բավականին արդյունավետ մոտեցումներ, սակայն բարձր արժեքի պատճառով դրանք քչերին են հասանելի:

Օրինակ՝ Լիբանանում, որտեղ աշխատում է դոկտոր Սաաբը, երկրի քաղաքացիներին ոսկրածուծի փոխպատվաստման դիմաց պետությունն է վճարում, սակայն իրենց մոտ են գալիս նաեւ այլ երկրներից երեխաներ, որոնք նույնպես այդ բուժման կարիքն ունեն, եւ որը նրանց համար չափազանց թանկ է: Այս հարցում արդեն պետք է օգնության հասնեն բարեգործական հիմնադրամները:

Կառավարությունն, իհարկե, իր քաղաքացիների համար պատասխանատու է, սակայն մենք, հասարակությունը նույնպես պատասխանատու ենք եւ պետք է մտահոգվենք այն մասին, որպեսզի յուրաքանչյուրը բուժման հասանելիություն ունենա, եւ որպեսզի չլինեն երեխաներ, որոնք բուժում չեն ստանում միայն այն պատճառով, որ նրանց ծնողները չեն կարող վճարել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից 10-ը Երեւանում ընթանում է Մանկական ուռուցքաբանության արեւելյան եւ միջերկրածովյան խմբի (կազմված է 23 երկրի մանկական քաղցկեղի 70 կենտրոնից) երկրորդ գիտաժողովը: Այս տարի գիտաժողովն անցկացվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Փետրվարի 7-ին եւ 8-ին անցկացվել են հատուկ դասընթացներ եւ թրենինգներ, որոնք նախորդել են գիտաժողովին, իսկ գլխավոր նիստը տեղի է ունենում փետրվարի 9-ին եւ 10-ին:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցը (ԱՄՆ) եւ Բեյրութի Ամերիկյան համալսարանը (Լիբանան):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի