• Latest news

Նոր խորհուրդներ. հնարավոր ալերգիկ մթերքները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է շուտ մտցնել երեխայի սննդակարգ

21 մարտի, 2019  23:44

Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան (American Academy of Pediatrics) հրապարակել է սննդային ալերգիայի եւ ալերգիկ այլ վիճակների կանխարգելման նոր հրահանգ։ Համաձայն այդ հրահանգի՝ հնարավոր ալերգիկ մթերքները խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շուտ մտցնել երեխայի կերակրացանկ։

Հաշվետվության հեղինակները համոզիչ ապացույց չեն գտել, թե երեխայի կերակրացանկում ալերգիկ մթերքների ավելի ուշ ներառումը նպաստում է սննդային ալերգիայի կանխմանը։ Ընդհակառակը, կան համոզիչ ապացույցներ, որ եթե գետնանուշը որքան հնարավոր է շուտ մտցվի ալերգիկ իմաստով ռիսկային երեխայի (անամնեզում ալերգիկ հիվանդությամբ մերձավոր հարազատի առկայություն) սննդակարգի մեջ՝ 4 ամսականից, ապա դա կկանխի երեխայի մոտ ալերգիայի առաջացումը։

2000 թվականին Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ էր տվել երեխայի սննդակարգում ներառել կովի կաթը մեկ տարեկանից ոչ շուտ, ձուն՝ երկու տարեկանից, գետնանուշը, անտառային ընկույզն ու ձուկը՝ երեք տարեկանից։ 2008 թվականի հաշվետվությունում նշվում է համոզիչ ապացույցների բացակայությունն առ այն, որ ալերգեն սննդի ուշացնելը կանխում է սննդային ալերգիան։ Բայց կոնկրետ ցուցումներ չկային տարիքի վերաբերյալ, երբ պետք էր սկսել ընդունել այդ մթերքները։

Ներկա խորհուրդները հիմնականում հենվում են Learning Early About Peanut (LEAP)-ի հետազոտության վրա, որը հրապարակվել է New England Journal of Medicine-ում։ Հետազոտության համաձայն՝ գետնանուշից ալերգիայի բարձր ռիսկ ունեցող երեխաները, որոնց գետնանուշ տալիս են 4-6 ամսականում, դրանից ալերգիա ստանալու ավելի քիչ հավանականություն ունեն, քան նրանք, ովքեր սպասել են մինչեւ 5 տարեկան (1,9 տոկոս եւ 13,7 տոկոս համապատասխանաբար)։

Հաշվետվությունում նաեւ դիտարկվում է այն հարցը, թե արդյոք կրծքով կերակրելը պաշտպանում է երեխային էկզեմայից, շնչարգելությունից, ասթմայից ու սննդային ալերգիայից։

Հեղինակները եկել են այն եզրահանգման, որ առաջին 3-4 ամիսներին զուտ կրծքով կերակրվելը իսկապես պաշտպանում է էկզեմայից։ Կրծքով կերակրելն այդ տարիքից հետո, անգամ եթե երեխայի սննդակարգում ավելացվում է օժանդակ կեր, պաշտպանում է շնչարգելությունից առաջին 2 տարիներին, իսկ ասթմայից՝ առաջին 5 տարիներին եւ անգամ ավելի ուշ։ Սակայն առկա տեղեկատվության հիման վրա չի կարելի եզրակացնել, թե արդյոք ազդում է կրծքով կերակրվելը սննդային ալերգիայի կանխման վրա։

Չի հայտնաբերվել նաեւ որեւէ ապացույց, որ ալերգեն մթերքներից խուսափումը հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում, ինչպես նաեւ հատուկ հիդրոլիզացված խառնուրդների օգտագործումը նպաստել են ալերգիկ վիճակի կանխմանը անգամ ալերգիկ բարձրռիսկային երեխաների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի