• Latest news

Ինչո՞ւ են պացիենտները վախենում ատամնաբույժներից

18 ապրիլի, 2019  15:23

Շատերի համար ատամնաբույժին այցելելը իսկական փորձություն է, քանի որ ինչպես իրենք՝ բժիշկները, այնպես էլ գործիքները կարող են իսկական սարսափ առաջացնել։ Ի՞նչը կարող է լինել ատամնաբույժներից այդքան ուժեղ վախի պատճառը։ Այս հարցին NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում պատասխանել է ատամնաբույժ, Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ Վարդան Բակալյանը։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԽՍՀՄ օրոք ծնվածները բուժվել են ատամնաբույժների մոտ լավ ցավազրկողների բացակայության պայմաններում։ «Նրանցից շատերին մանուկ հասակում շատ ուժեղ ցավ են պատճառել, ինչի հետեւանքով էլ առաջ է եկել վախ ատամնաբույժներից։ Բացի այդ, յուրաքանչյուր հաջորդ միջամտություն, որն ուղեկցվում է ցավային զգացողություններով, կարող է խորացնել այն խնդիրները, որոնք ունեցել է պացիենտը նախկինում»,- ասել է Բակալյանը։

Այնինչ, այսօր էլ ատամնաբուժական միջամտությունները միշտ չէ, որ իրականացվում են պատշաճ ցավազրկմամբ եւ պացիենտի համար հոգեբանորեն հարմարավետ իրադրությունում։ «Եթե ատամնաբույժները պացիենտին ուժեղ ցավ են պատճառում, խաբում են, ցավազրկում չեն կատարում, ապա արդյունքում նա հիշողության մեջ պահում է ապրած ցավի զգացողությունը, եւ վախ է առաջանում։ Մարդը սկսում է խուսափել ատամնաբույժին այցելելուց, ինչի հետեւանքով ատամների հետ կապված խնդիրները խորանում են, եւ պահանջվում է ավելի բարդ ու երկարատեւ բուժում»,- ընդգծել է նա։

Նման պացիենտին  օգնելու համար ատամնաբույժը պետք է համբերություն ունենա։ «Շատ կարեւոր է, որպեսզի մասնագետն ունենա պացիենտի հոգեբանության որոշ իմացություն եւ չփորձեի արագ ու էժան բուժել նրան։ Եթե բժիշկը շտապում է եւ չի ցանկանում պացիենտի վրա ժամանակն ու իր գործիքների ողջ զինանոցը  ծախսել, ապա բուժումը հարմարավետ ու որակյալ չի լինի»,- նկատել է Բակալյանը։

Ատամնաբույժները չպետք է շտապեն բուժական միջոցների հարցում։ «Սկզբում պետք է խոսել պացիենտի հետ, հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում, իմանալ՝ մինչ այդ բացասական փորձ ունեցե՞լ է ատամների բուժման հարցում, ինչի՞ց է վախենում, առողջական այլ խնդիրներ ունի՞ արդյոք։ Պացիենտը պետք է հանգիստ լինի, նա չպետք է նյարդային վիճակում լինի։ Եթե  նրան ինչ-որ բան անհանգստացնում է կամ իրեն լավ չի զգում, ապա բուժումը պետք է հետաձգել։ Երբեմն պացիենտին կարելի է հանգստացնող դեղամիջոց տալ։ Դա կարող է արվել ատամնաբուժական միջամտությունից կես ժամ, մեկ ժամ կամ անգամ մեկ օր առաջ»,- նշել է Բակալյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի