• Latest news

«Շենգավիթ» ԲԿ-ում իրականացվել է պերկուտանային վիրաբուժության եզակի մաստեր-կլաս. Հայաստանում առավել հասանելի կդառնա երիկամների խոշոր քարերի բուժման քիչ ինվազիվ մեթոդը

23 ապրիլի, 2019  18:57

Պերկուտանային վիրաբուժությունը արդի բժշկության մեջ մեծ թվով կիրառություններ ունի, սակայն առավել հաճախ այն օգտագործում են միզաքարային հիվանդությունների էնդոսկոպիկ բուժման նպատակով: «Շենգավիթ» ԲԿ ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. Ռուբեն Բորոյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ պացիենտի մաշկի վրա կատարված ոչ մեծ անցքերի միջով վիրաբույժը հատուկ գործիքներով երիկամներ է մտնում եւ ջարդում ու հեռացնում մեծ քարերը, որոնց դեմ ոչ ինվազիվ մեթոդներն անզոր էին:

Պերկուտանային նեֆրոլիտոտոմիան երիկամների խոշոր քարերի բուժման գերժամանակակից մոտեցում է, որն ավանդական վիրաբուժության համեմատությամբ մի շարք առավելություններ ունի. պացիենտի մարմնի վրա այս քիչ ինվազիվ վիրահատությունից հետո մեծ սպիներ չեն մնում, նա ավելի արագ է վերականգնվում եւ տուն է վերադառնում վիրահատությունից հետո 1-2 օր անց:

Մինչեւ վերջերս Հայաստանում նման վիրահատություններ էին կատարում ընդամենը մի քանի մասնագետներ: Սակայն մոտ ապագայում այս մեթոդն ավելի հասանելի կդառնա. «Շենգավիթ» ԲԿ թրենինգ-կենտրոնում կազմակերպվել էր պերկուտանային վիրաբուժության եզակի մաստեր-կլաս, որի ժամանակ մեծ թվով ուրոլոգներ՝ երկրի տարբեր կլինիկաներից, կարողացել են ավելի լավ ծանոթանալ այս մեթոդի առանձնահատկություններին:

Մասնագետը նշեց, որ պերկուտանային նեֆրոլիտոտոմիան ուրոլոգիայում վիրաբուժության ամենաբարդ տեսակներից մեկն է, որը պահանջում է տեւական ուսուցում եւ ճշգրիտ հմտություններ: «Շենգավիթ» ԲԿ-ում նման վիրահատությունները կատարվում են հիմնադրման օրվանից

Մաստեր-կլասի ժամանակ պրոֆեսոր Ալեքսեյ Մարտովը եւ բժիշկ Դենիս Մազուրենկոն, որոնք Եվրոպայում ճանաչված փորձագետներ են, նորագույն տեխնիկայի եւ տեխնոլոգիայի կիրառմամբ պացիենտի միակ երիկամից խոշոր քարերի հեռացման 2 բարդ վիրահատություն են կատարել: Հայկական շատ կլինիկաների ուրոլոգները վիրահատություններին հետեւել են իրական ժամանակի ռեժիմում՝ տալով հետաքրքրող բոլոր հարցերը եւ անմիջապես ստանալով դրանց պատասխանները:

Սովորաբար երիկամների պերկուտանային էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ պացիենտը փորի վրա է պառկում, սակայն պրոֆեսոր Մարտովը ցուցադրեց վիրահատության նոր մոտեցում, որի ժամանակ պացիենտը պառկած էր մեջքի վրա: NEWS.am Medicine-ի հետ զրույցում պրոֆեսորը նշեց, որ նման մեթոդը մի շարք առավելություններ ունի, ուստի եվրոպական շատ կլինիկաներում աստիճանաբար անցնում են հենց այս մեթոդի օգտագործմանը:

Պրոֆեսոր Մարտովը վիրահատության ժամանակ պացիենտի ձախ երիկամից հեռացրեց մի քանի մանր քարեր, ինչպես նաեւ ջարդեց եւ հեռացրեց 2,5 սմ տրամագծով մեծ քար:

Պրոֆեսոր Մազուրենկոն իր հերթին ցուցադրեց պերկուտանային նեֆրոլիտոտոմիայի անցկացումը շատ փոքրաչափ գործիքների կիրառմամբ: Վիրահատությունների ժամանակ երկու մասնագետն էլ օգտագործում էին Olympus ֆիրմայի սարքավորումները, որը բժշկական տեխնիկայի առաջատար արտադրողներից է:

Իր տեսակի մեջ Հայաստանում այս առաջին մաստեր-կլասը կոչված է ցուցադրելու «Շենգավիթ» ԲԿ թրենինգ-կենտրոնի հնարավորությունները: Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ այստեղ կանցկացվեն սեմինարներ եւ շատ այլ ուղություններով մաստեր-կլասներ: Տնօրենն ընդգծեց, որ կենտրոնի աշխատանքը կօգնի ամբողջ երկրում բժշկության մակարդակի բարձրացմանը, քանի որ այստեղ վերապատրաստում կարող են անցնել երկրի բոլոր անկյուններից եկած բժիշկները: Ավելին՝ մասնակցության համար նրանք կրեդիտներ կստանան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակում: Մենք արդեն համանման կոնֆերանս-մաստեր-կլասներ անցկացնելու մի քանի հայտեր ունենք:

Գլխավոր տնօրենը նշեց, որ այս թրենինգ-կենտրոնը կարող է չափազանց օգտակար լինել նաեւ բարդ վիրահատություններ անցկացնելիս. ուղիղ հեռարձակման հնարավորության շնորհիվ այս վիրահատությունների ընթացքին կարող են հետեւել այլ երկրների առաջատար փորձագետներ՝ վիրաբույժներին փոխանցելով խորհուրդներ եւ օգնելով կարեւոր ու բարդ որոշումներ ընդունելիս: Այսպիսով, պացիենտները կարող են առավել որակյալ բժշկական ծառայության հույս ունենալ:

 

       

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի