• Latest news

Առողջապահության նախարարը եւ ՄԱԿ ներկայացուցիչը փորձարկել են վթարների սիմուլյատորը (տեսանյութ)

6 մայիսի, 2019  13:57

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը փորձարկել են վթարների սիմուլյատորը, որպեսզի սեփական փորձով զգան, թե վթարի ժամանակ ինչ դերակատարում ունի անվտանգության ամրագոտին:

Սիմուլյատորը կառուցվածք է, որը շարժվում է 30 կմ/ժամ արագությամբ եւ կտրուկ արգելակում է՝ առջեւում ինչ-որ բանի մեջ «մխրճվելով»: Փորձարկումը կրկնել են երկու անգամ, եւ երկու դեպքում էլ անվտանգության ամրագոտին պահել է երկու ուղեւորներին՝ թույլ չտալով, որ նրանք թռչեն առաջ եւ հարվածվեն առջեւի նստատեղին կամ դիմապակուն: Սակայն երկրորդ անգամ նախարարի ձեռքից պոկվել է խաղալիք պինգվինը, որը կատարում էր ծնողի ծնկներին նստած երեխայի դերը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ ինքը խաղալիքը դիտմամբ էր ոչ այնքան ամուր բռնել, քանի որ վթարները սովորաբար անսպասելի են տեղի ունենում, եւ հազիվ թե նման պահերին երեխաներին ամուր գրկեն ու իրենց սեղմեն: Նախարարի խոսքով՝ վտանգավոր է երեխային ծնողի ծնկներին նստեցնելը, քանի որ վթարի ժամանակ նա, ավելի շուտ, առաջ կթռչի եւ կարող է ծանր վնասվածքներ ստանալ: Ավելին՝ առջեւի նստատեղին երեխայի համար վտանգներն ավելի շատ են, քան հետեւի նստատեղին:

Շոմբի Շարփն իր հերթին ասաց, որ յուրաքանչյուր մարդ իր ընտանիքը, իր երեխաներին եւ ինքն իրեն սիրում է, եւ լավագույնը, որ նա կարող է հանուն իր եւ իր ընտանիքի անել՝ մշտապես անվտանգության ամրագոտին կապելն է՝ նույնը պահանջելով մյուսներից, իսկ երեխաներին տեղափոխել միայն հատուկ մանկական բազկաթոռներով:

Նրա խոսքով՝ հետեւում նստած մարդիկ հաճախ իրենց ավելի անվտանգ են զգում, բայց իրականում բնավ այդպես չէ. եթե հետեւի նստած մարդն ամրագոտի չկապի, կարող է հարվածվել առջեւի նստարանին կամ անգամ դուրս թռչել դիմապակուց ու ծանր վնասվածքներ ստանալ։

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ «վթարը» սիմուլյատորում պատահում է ցածր արագության դեպքում՝ ընդամենը 30 կմ/ժամ արագության պարագայում, բայց իրական կյանքում վթարները սովորաբար պատահում են ավելի բարձր արագությունների դեպքում, հետեւաբար՝ հարվածի ուժը շատ ավելին է, իսկ ամրագոտու բացակայության պարագայում վնասվածքների վտանգը՝ շատ ավելի բարձր։ Հենց այս պատճառով էլ ամրագոտու դերը չի կարելի թերագնահատել. գուցե այն կապելն անհարմար է, գուցե այն նեղություն է տալիս, բայց մի անգամ այն կարող է կյանք եւ առողջություն փրկել։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 6-ին, մեկնարկել է «Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը», որի կարգախոսն է՝ «Արտահայտվեք եւ կյանքեր փրկեք»։ ՄԱԿ նախաձեռնությամբ իրականացվող շաբաթվա նպատակը ճանապարհատրանսպորտային երթեւեկությունն ավելի անվտանգ դարձնելն ու ճանապարհային պատահարների զոհերի թիվը կրճատելն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի