• Latest news

Ճանապարհային երթեւեկության կանոնների բարձր տուգանքները կօգնեն փոխել մարդկանց վարքը. ՄԱԿ ներկայացուցիչ

6 մայիսի, 2019  18:03

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բարձր տուգանքները ամրագոտու կամ մանկական նստատեղի բացակայության համար կարող են օգնել փոխելու մարդկանց վարքը եւ ճանապարհային երթեւեկությունը դարձնել ավելի անվտանգ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Այդպիսի տուգանքների նպատակը, ըստ նրա, ոչ թե փող ստանալն է, այլ մարդկանց անվտանգության ապահովումն ու նրանց կյանքը փրկելը։ Եթե մարդ ստիպված է տուգանք վճարել ամրագոտու բացակայության համար, հաջորդ անգամ նա, ամենայն հավանականությամբ, կմտածի, որ իրեն, այնուամենայնիվ, ամրագոտի պետք է։

Մարդկանց վարքը, մասնագետի խոսքով, արագ փոխվում է համապատասխան օրենքների ընդունումից հետո։ Ռուսաստանում դեռեւս մի քանի տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ կարելի է պարզապես վերցնել ու արգելել ծխելը հանրային վայրերում, բայց հիմա ռուսաստանցիները պարզապես չեն կարող պատկերացնել, որ կարելի է մտնել բար, որտեղ մարդիկ կծխեն։ Նույնը, ըստ Մարիյասինի, տեղի է ունենում նաեւ ամրագոտիների պարագայում։ Բարձր տուգանքները, նրա կարծիքով, անհրաժեշտ են մարդկանց մտածելակերպում փոփոխության հասնելու համար, բայց դրանց կողքին պետք է ընդունել նաեւ այլ միջոցներ։

Ինչպես իր հերթին նշեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոչ ոք չի ցանկանում տուգանել մարդկանց, տուգանքները գոյություն ունեն այն բանի համար, որպեսզի մարդկանց մղեն անվտանգ վարքագիծ դրսեւորել. եթե նրանք իրենք չեն հասկանում, թե ինչու է իրենց պետք կապել ամրագոտին, ուրեմն հարկադրված են անել դա՝ զգուշանալով տուգանված լինելուց, եւ մի անգամ դա կփրկի նրանց կյանքը։

Հայաստանում ամեն օր գրանցվում է մոտ 450-600 վարչական արձանագրություն ամրագոտիների հետ կապված, նշել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրում առայժմ չկա ամրագոտիների օգտագործման մշակույթ, եւ շատ վարորդներ կապում են ամրագոտին՝ ասես լավություն անելով ճանապարհային ոստիկանությանը։ Իսկ նրանք, ովքեր չեն կապում ամրագոտիները, սովորաբար արդարանում են նրանով, որ վատ առողջություն ունեն, գոտին ճիշտ չափի չէ, իրենք պատրաստվում էին մի քանի մետր քշել, եւ այսպես շարունակ։

Տաքսիներում ամրագոտիների խնդիրը նույնպես  շատ ակտուալ է, ինչպես պնդում է Դմիտրի Մարիյասինը։ Նրա խոսքով՝ Հայաստանում դժվար է գտնել տաքսի նորմալ գործող ամրագոտիներով՝ ոչ առջեւի, ոչ էլ հետեւի նստելատեղերին։ Բոլոր տաքսի մեքենաները ամրագոտիներով ապահովելու պահանջը կարող է ընկալվել ցավագին, բայց, ի վերջո, դա կբխի մարդկանց շահերից եւ կօգնի ապահովել նրանց անվտանգությունը։ Ինչպես իր հերթին նշեց ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, ԱՄՆ-ում, որտեղից է նա ծնունդով,  դեռեւս 70-ականներին ոչ ոք չէր օգտագործում ոչ ամրագոտիներ, ոչ էլ մանկական նստատեղեր։ Բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է, եւ հիմա, հետ նայելով, մարդիկ տարակուսում են. մի՞թե ոմանք տարիներ առաջ կարող էին երթեւեկել առանց ամրագոտու կամ մանկական աթոռակի, մի՞թե այն ժամանակ ինչ-որ մեկը կարող էր կասկածել այս ամենի անհրաժեշտությանը։ Հայաստանում ժամանակի ընթացքում ամրագոտիների եւ մանկական նստատեղերի օգտագործումը նույնպես նորմ կդառնա, մշակույթի մաս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի