• Latest news

Հայաստանում համատարած անվստահություն է բժշկության հանդեպ՝ բժշկական համալսարանի ՈՒՀԱ-ի նախկին անդամ

19 հունիսի, 2014  10:44

Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀԻ) ՈՒՀԱ-ի նախկին անդամ Արմեն Հակոբջանյանն այժմ Լոս Անջելեսում ղեկվարում է իր սեփական կլինիկան եւ համարվում է հաջողակ պրակտիկ բժիշկ։ Թե ինչպե՞ս եւ ինչու՞ է Հակոբջանյանը հայտնվել ԱՄՆ-ում, ի՞նչ է իր համար բժշկությունը, եւ թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի առողջապահական համակարգի մասին պարզել է NEWS.am Medicine-ի թղթակիցը՝ զրուցելով նրա հետ։

Ինչու՞ նախընտրեցիք ԱՄՆ-ը բժշկական Ձեր կարիերայի համար

Ես միշտ հիացել եմ ԱՄՆ-ի բժշկական ուսուցման մակարդակով։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր երիտասարդ բժշկի գիտելիքներն ու փորձը անհամեմատելի են անգամ արեւմտաեվրոպական այնպիսի երկրների բժիշկների գիտելիքների հետ, ինչպիսիք են Գերմանիան կամ Ֆրանսիան։ Բացի այդ, ԱՄՆ-ում բժշկական պրակտիկան անսահմանափակ է, եւ յուրաքանչյուր դեղորայք կամ սարքավորում միշտ հասանելի է։ Իհարկե, ժամանակները փոխվել են, եւ Հայաստանում  ու  Ռուսաստանում շատերը ունեն այդ նույն սարքավորումները, բայց դժբախտաբար, ըստ իմ անձնական դիտարկումների՝  այստեղ դեռեւս կան բժիշկներ, ովքեր չգիտեն, թե ինչպես է պետք օգտագործել այդ «խաղալիքները»։

Կարո՞ղ եք պատմել Ձեր կլինիկայի մասին։

Ես հիմնադրել եմ Լոս Անջելեսի ոտնաթաթի եւ սրունք-թաթային հոդի վիրաբուժության ինստիտուտը 2003թ-ին։ Մինչ այժմ մենք ընդունել ենք 50000 հիվանդ։ Մեզ մոտ բուժվելու են գալիս հիվանդներ Հյուսիսային Քարոլինայից, Նեւադայից, Արիզոնայից եւ անգամ Նյու Յորքից։

Ձեր աշխատակիցների մեջ հայեր կա՞ն։

Իհարկե, բայց մենք մեր աշխատակիցներին ընտրում ենք ըստ իրենց գիտելիքների եւ հմտությունների, եւ ոչ ըստ ազգային պատկանելության։ Մեր կլինիկայում աշխատում են բոլոր ռասաների ներկայացուցիչներ։ Շատ զարմանալի է, թե ինչպես են տարբեր մշակույթներ միախառնվում աշխատանքային մթնոլորտում։ Չնայած մեր հայ հիվանդները մշտապես ուշանում են, բայց հայ աշխատակիցները շատ պարտաճանաչ են։

Ի՞նչ է «բարեգործությունը» Ձեզ համար։ Մենք գիտենք, որ Դուք մասնակցում եք մի շարք ծրագրերի. մեր ընթերցողին կներկայացնե՞ք դրանցից մի քնաիսը։

Բժշկությունն ինքնին բարեգործություն է։ Բժիշկը բուժում է հիվանդին, որովհետեւ ցանկանում է նրան օգնել, այլ ոչ թե այն բանի համար, որ իրեն վճարում են։ Ամեն օր բոլոր բժիշկները բարեգործություն են անում։ Անհապաղ բուժօգնության կարիք ունեցող մեր հիվանդների 20-25%-ը բժշկական ապահովագրություն չունի եւ միջոցներ էլ չունի մեր ծառայությունների դիմաց մեզ վարձատրելու համար։ Այնուամենայնիվ, մենք նրանց նույն կերպ ենք վերաբերում, ինչպես ամենալավ ապահովագրական փաթեթն ունեցող հիվանդներին։ Բայց կան նաեւ հատուկ բարեգործական ծրագրեր, երբ մենք գնում ենք երրորդ աշխարհի թերզարգացած երկրներ եւ անվճար բուժում տեղի հիվանդներին։ Օրինակ, Crippled Children ծրագիրը հաստատվել է մի քանի տարի առաջ Մեքսիկայի Մեխիկո  քաղաքում։ Հղիների խնամքը Լատինական Ամերիկայի գյուղական համայնքներում իսպառ բացակայում է, եւ շատ երեխաներ ծնվում են սարսափելի խեղաթյուրումներով։ Այս երեխաների բուժումը ոչ միայն անմոռանալի տպավորություն է գործել ինձ վրա, այլեւ շատ լավ ուսումնական պրակտիկա է եղել։

Ինչպիսի՞ վիրահատություններ եք կատարում Ձեր կլինիկայում, որոնք դեռեւս հասանելի չեն Հայաստանում։

Իսկ ինչու՞ միայն Հայաստանում։ Ես Հյուսիսային Քալիֆորնիայում կատարել եմ ծնկան  հոդի փոխարինման ավելի շատ վիրահատություներ, քան մեկ այլ բժիշկ։ Մեր կլինիկան առաջատարն է ոտնաթաթի եւ ծնկան հոդի կողմնային մասի շարժունակության վերականգման եւ վիրաբուժության մեջ։ Շատ գործընթացներ ինչպիսիք են սրունք-թաթային հոդի կողմնային մասի վերականգնումը կամ մանկական բուրսիտի ուղղումը մշակվել է իմ եւ իմ գործընկերների  կողմից։ Ես օրթոպեդիկ սարքեր պատրաստող երկու մեծ ընկերությունների՝ Arthrex եւ Small Bone Innovations (SBI) խորհրդատուն եմ։ Մենք մշտապես կատարելագործում ենք վիրաբուժական մեր տեխնիկան սեմինարների եւ գիտական անսահման փորձարկումների միջոցով։ Բայց առաջադեմ մեթոդները միայն վիրահատությամբ չեն սահմանափակվում։ Մեր կլինիկան առաջինն էր, որն առաջարկեց կատարել տրոմբոցիտներով եւ ցողունային բջիջներով հարստացված պլազմայի փորձարարական ներարկումներ։ Այս ներարկումները փրկել են հազարավոր մարդկանց վիրահատություններից։

Համագործակցու՞մ եք Հայաստանի բժշկական կենտրոնների հետ։

Թեպետ ես շատ ընկերներ ունեմ հայաստանյան բժշկական կենտրոններում, մեր համագործակցությունը երբեք դուրս չի եկել ԱՄՆ-ից Հայաստան բժշկական սարքավորումներ փոխադրելու շրջանակներից։

Ի՞նչ գնահատական կտաք Հաաստանի առողջապահական համակարգին, եւ ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում տեսնել։

Ես չեմ հավատում, որ Հայաստանում առկա է առողջապահական համակարգ։ Յուրաքանչյուր հիվանդանոց, կլինիկա աշխատում է առանձին։ Այստեղ ներդրված չեն բուժօգնության չափորոշիչները։ Հայաստանում համատարած անվստահություն է բժշկության հանդեպ։ Այստեղ շտապ պետք է բարելավել բժիշկների կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մակարդակը, իսկ ավելի շատ՝ բուժքույրերի։

Դոկտոր Արմեն Հակոբջանյանը Ոտնաթաթի եւ սրունք-թաթային հոդի  վիրաբուժության եւ վերականգնողական բժշկության հավաստագրված  մասնագետ է։ Նա իր բժշկական կրթությունը սկսել է Երեւանի պետական բժշկական համալսարանում։ Այնուհետեւ իր բժշկական կարիերան հաջողությամբ շարունակել է ԱՄՆ-ում ։ Նա ստացել է միկրոբիոլոգիայի եւ մոլեկուլյար գենետիկայի գիտությունների բակալավրի աստիճան Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանում(UCLA)։ Ավելի ուշ նա ավարտել է պոդիատրիկ Բժշկության (այժմ Սամուել Մերիթի)  քոլեջը` դառնալով պոդիատրիկ բժշկության դոկտոր։ Դոկտոր Հակոբջանյանը ավարտել է իր կլինիկական  օրդինատուրան Հարավային Քալիֆորնիայի Օրինջ կոմսության Արեւմտյան բժշկական կենտրոնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի