• Latest news

Բոտուլինոթերապիա՝ գերքրտնարտադրության դեմ. ինչպե՞ս է այն ազդում եւ որքանո՞վ է անվտանգ

2 հունիսի, 2019  11:40

Ներկայումս բոտոքսը միմիկ կնճիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ եւ պահանջված մեթոդն է, սակայն այդ նյութի ներուժը դրանով չի սահմանափակվում. բոտուլինոտոքսինի ներարկումներն այսօր կիրառվում են եւˊ նյարդաբանության եւˊ մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ էսթետիկ բժշկության մեջ գերքրտնարտադրության (հիպերհիդրոզ) կարգավորման համար:

«Աստղիկ» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Քրիստինա Խաչատրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց այն մասին, թե ինչ է հիպերհիդրոզը եւ ինչպես կարող է բոտոքսն օգնել այդ խնդրի դեմ պայքարում:

Ի՞նչ է հիպերհիդրոզը

Բոլորս քրտնում ենք, հատկապես շոգին: Ո՞ր դեպքում սակայն քրտնարտադրությունը կարող է չափից շատ համարվել: Քրիստինա Խաչատրյանը նշեց, որ եթե մարդն այնքան առատ է քրտնում, որ դա նրան խանգարում է առօրյա կյանքում եւ լուրջ անհարմարություն է պատճառում, նշանակում է խոսքը գերքրտնարտադրության՝ հիպերհիդրոզի մասին է:

Շատ հաճախ գերքրտնարտադրությունը լինում է թեւատակերի, ձեռքի ափերի եւ ոտնաթաթերի ներբանային մակերեսների շրջանում: Այսպես՝ որոշ մարդկանց ափերն այնպես են քրտնում, որ նրանք սկսում են խուսափել ձեքսեղմումներից: Մյուսների մոտ քրտնում է թեւատակի շրջանը եւ հագուստն այնպես է թրջվում, որ նրանք իրենց անհարմար են զգում հասարակության մեջ։ Կամ քրտնում են ոտքերը՝ առաջացնելով տհաճ հոտ, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա:

Այս բոլոր դեպքերում քրտնարտադրությունն այս մարդկանց համար խնդիր է դառնում եւ այն հարկավոր է լուծել: Եթե տրադիցիոն մեթոդները չեն օգնում, խնդրի լուծում կարող է դառնալ «բոտոքսը»:

Բոտոքսը՝ քրտնարտադրության դեմ. Ինչպե՞ս է այն ազդում

Բոտուլինոտոքսինը, ինչպես բացատրեց մասնագետը, ներարկվում է ներմաշկային այն զոնաներում, որտեղ պացիենտի մոտ առատ քրտնարտադրություն է նկատվում: Նախապես կատարվում է այսպես կոչված Մինորի փորձը ,որի միջոցով մասնագետը որոշում է այն շրջանները , որտեղ քրտնագեղձերն առավել ակտիվ են եւ որտեղ պետք է ներարկումներ անել:

Քրտնագեղձերը, ինչպես նշեց մասնագետը, գտնվում են մաշկի խորը շերտերում. բոտուլինոֆոքսինի ներարկումն արգելափակում է դրանք, եւ որոշ ժամանակով նրանք դադարում են քրտինք արտադրել։

Արդյունքները, ինչպես նշում են մասնագետները, ակնհայտ են. եթե մշակված հատվածում քրտնարտադրությունը լիովին չի դադարում, ապա այն նվազում է այնքան, որ այլեւս պացիենտին անհարմարություն չի պատճառում եւ դրա շնորհիվ նրա կյանքի որակը զգալիրորեն բարելավվում է:

Բուժման արդյունքը միջինում պահպանվում է 4-6 ամիս: Այս պրոցեդուրան, ինչպես ընդգծեց մասնագետը, լիովին անվտանգ է, քանի որ այն միայն տեղային ազդեցություն ունի եւ չի ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:

Անվտա՞նգ է արդյոք

Բոտուլինոթերապիան արդեն երկար տարիներ կիրառվում է բժշկության մեջ եւ դրա անվտանգությունն ապացուցված է բազմաթիվ համաշխարհային կազմակերպությունների կողմից կատարված ապացուցողական բժշկության փորձերի արդյունքում։ Եթե բոտոքսը ճիշտ կիրառվի, այն անվտանգ է:

Բայց ոչ մասնագետի ձեռքում այն, իհարկե, կարող է իրենից վտանգ ներկայացնել։ Բացի այդ բոտուլինոթերապիան սկսելուց առաջ հարկավոր է համոզվել, որ պացիենտը հենց առաջնային հիպերհիդրոզ ունի՝ այսինքն առատ քրտնարադրությունը կապված չէ սոմատիկ հիվանդությունների հետ, որոնք բուժման կարիք ունեն։ Հենց այդ պատճառով բոտոքսի ներարկումները պետք է իրականացնի միայն և միայն բժշկական կրթությամբ մասնագետը:

Մատչելի՞ է արդյոք

«Աստղիկ» ԲԿ-ում այժմ 50 տոկոս զեղչ է գործում գերքրտնարտադրության դեմ ուղղված բոտուլինոթերապիայի համար:

«Հայաստանի կլիմայական պայմաններում ամռան ամիսներին գերքրտնարտադրության խնդիրը շատերին է անհանգստացնում: Դրա համար մենք անցկացնում ենք այս ակցիան, որպեսզի առավելագույնս մատչելի դարձնենք այս պրոցեդուրան մեր քաղաքացիների համար», - ասաց Քրիստինա Խաչատրյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի