• Latest news

Կնոջը խենթացնող հալյուցինացիաները աչքերի հիվանդության ախտանշաններ էին

4 հունիսի, 2019  09:40

29-ամյա Քիրսթի Ջեյմսը տառացիորեն խենթանում էր իրեն հետապնդող հալյուցինացիաներից: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ նա սեփական տանը սկսել է անծանոթների տեսնել, իսկ շենքի մոտ՝ մեծ թվով կայանված ավտոմեքենաներ: Ինչպես պարզվել է, այդ ամենն իրականում գոյություն չուներ: Ահաբեկված կինը վախենում էր որեւէ մեկին պատմել իր տեսիլքների մասին, որ իրեն խելագար չհամարեն:

Քիրսթիի մոտ 13 տարեկանում հայտնաբերվել է Շթարգարդթի հիվանդություն, որն առաջացնում է տեսողության պրոգրեսիվ վատթարացում: Բժիշկները նրան զգուշացրել են տեսողության լիակատար կորստի հնարավորության մասին, սակայն նա իր հալյուցինացիաները դրա հետ չէր կապում: Երբ կինն, ի վերջո, որոշել է բժիշկներին պատմել իր տեսիլքների մասին, պարզվել է, որ դրանք աչքերի եւս մեկ հիվանդության՝ Շառլ Բոնեի համախտանիշի (CBS) հետեւանք են: Դրանով տառապում են տեսողության ծանր խանգարումներով պացիենտները: Քիրսթիի դեպքում Շթարգարդթի հիվանդությունը բերել էր CBS-ի զարգացման:

Քիրսթին խոստովանում է, որ երջանկությունից տառացիորեն արտասվում էր, քանի որ իրեն հետապնդող հալյուցինացիաների պատճառով սկսել էր անհանգստանալ իր հոգեկան առողջության համար: «Մի անգամ ինձ մարդու պատկեր երեւաց իմ հյուրասենյակում: Ես բարեւեցի, բայց այն անմիջապես անհետացավ: Այնպիսի զգացողություն էր, թե խելագարվում եմ»,- պատմում է նա:

CBS-ի դեպքում հալյուցինացիաները կարող են տարբեր բնույթ ստանալ: Մարդուն կարող է երեւալ ցանկացած բան՝ ջրից կամ կրակից սկսած եւ ավարտած գոյություն չունեցող հրեշներով: Ընդ որում՝ հալյուցինացիաները լինում են հստակ եւ վառ:

Հիմա Քիրսթին ջանում է մեծացնել CBS-ի մասին հասարակության տեղեկացվածությունը: Նա չի բացառում, որ մարդիկ, ինչպես ինքը, կարող են վախենալ բժիշկներին պատմել իենց տեսիլքների մասին՝ նույնիսկ չկասկածելով, որ դրանց պատճառը աչքերի հիվանդությունն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի