• Latest news

Զավեշտալի դեպքեր հայ բժիշկների կյանքից. պատմում է վնասվածքաբանը

21 հունիսի, 2014  15:00

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է հայ բժիշկների հետ եւ փորձել է պարզել, թե ինչ զավեշտալի եւ հետաքրքիր դեպքեր են պատահել նրանց հետ` աշխատանքի ժամանակ։

Ահա թե ինչ պատմություններ է հիշել վնասվածքաբան Ռուբեն Գալստյանը.

***

Երկուսը՝ մեքենայում

Մի օր Ռուբեն Գալստյանի հերթապահության ժամանակ քիթը կոտրած մի մարդ է վազելով գալիս։

- Բժիշկ, հասիր, հասիր։ Մեքենայի տակ մարդ եմ գցել։

Բժիշկները դուրս են վազում եւ մեքենայում իրոք վնասվածքներ ստացած մեկին գտնում։ Նրան հիվանդանոց են տեղափոխում, օգնություն ցուցաբերում։ Այդ ընթացքում մեքենայի տերն ուշաթափվում է, եւ բժիշկները ստիպված են լինում նրան էլ օգնություն ցուցաբերել եւ ուշքի բերել։

- Մի անհանգստացիր, ամեն ինչ նորմալ է։ Այն մարդը, ում մեքենայի տակ ես գցել, կենդանի է, - հանգստացնում են բժիշկները վարորդին, երբ ուշքի է գալիս։

- Երկուսն էլ լա՞վ են։

- Այսի՞նքն։ Ի՞նչ երկուս, - զարմանում են բժիշկները։ Չէ՞ որ մեքենայում միայն մեկը կար։

- Ախր երկուսն էին... Մեքենայում չտեղավորվեցին, մեկին բեռնախցիկ տեղափոխեցի...

***

Փորձարարներն ու լամպը

Մի օր Ռուբեն Գալստյանի հերթապահության ժամանակ շտապօգնությունը մի 24-25 տարեկան աղջկա է բերում, ում բերանում լամպ էր մնացել։ Կարծես թե բոլորը գիտեն, որ լամպը չի կարելի բերանը տանել, քանի որ առանց բժիշկի օգնության այն հանել հնարավոր չէ, բայց, միեւնույնն է, շատերը, չգիտես ինչու, փորձում են անել դա։

Բժիշկները դժվարությամբ հանում են լամպը աղջկա բերանից, զայրանում են նրա վրա եւ տուն ուղարկում։

Սակայն օրը դրանով չի ավարտվում. 30 րոպե անց բժիշկներին է դիմում շտապ օգնության բժիշկը, ով մի քիչ առաջ բերել էր աղջկան։ Այս անգամ էլ ինքն էր լամպը բերանը տարել...

Բժիշկները հանում են լամպը, եւս մեկ անգամ զգուշացնում, որ այդպիսի բաներ անել չի կարելի, եւ շտապօգնության աշխատակիցը հեռանում է։

Իսկ կես ժամ անց հերթապահող բժիշկների մոտ գալիս է եւս մեկ մարդ՝ լամպը բերանում. այս անգամ դա շտապօգնության մեքենայի վարորդն էր։

***

Խաշից կոմպրեսները

Կոտրվածք ունեցող մեկին ասել են, թե խաշ ուտելը շատ լավ է` օգնում է ոսկորների արագ աճին եւ միակցմանը։ Այդ օրվանից ի վեր վնասվածքաբան Ռուբեն Գալստյանը, մտնելով հիվանդի սենյակ, սխտորի ուժեղ հոտ էր առնում` չհասկանալով, թե ինչու է այդպես, չէ՞ որ նույնիսկ ամեն օր խաշ ուտելու դեպքում սենյակում այդպիսի ուժեղ հոտ չպետք է մնար։

Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդը ցանկանում էր արագ կազդուրվել, եւ դրա համար ոչ միայն խաշն ուտում էր, այլ նաեւ` մարմնին քսում եւ կոմպրեսներ անում։ Ավելին՝ նա նույնիսկ տեղաշորն էր խաշով թրջել…

***

Կեսարյանն ու Հակոբյանը

90-ականների վերջին վնասվածքաբան Ռուբեն Գալստյանը ժամանակ առ ժամանակ հերթապահում էր ծննդատանը։ Այն ժամանակ հայրերը ներքեւում սպասում էին, եւ մանկաբարձուհիներից մեկն իջնում էր ու ասում, թե ում մոտ ով է ծնվել՝ աղջի՞կ, թե՞` տղա։

Մի օր, երբ մանկաբարձուհին, սովորության համաձայն, խոսքի էր բռնվել հայրերի հետ` նորածին երեխաների մասին, մի տղամարդ համեստորեն հարցնում է.

- Իսկ ինձ մո՞տ ով է ծնվել։

- Ձերը կեսարյա՞ն էր, - հարցնում է մանկաբարձուհին։

- Ոչ, Կեսարյան չի, Հակոբյան է, Հակոբյան։

***

Ասեղով աղջիկը

Մի օր վնասվածքաբանության բաժանմունք են բերել 17-18 տարեկան մի աղջկա, ում մեջքի մեջ ասեղ էր խրվել, ընդ որում` ականջի մասով, այլ ոչ` ծայրի։ Ռուբեն Գալստյանը հանել է ասեղը եւ հարցրել, թե ինչպես է այն աղջկա մեջքին հայտնվել։

Պարզվում է` աղջիկը նոր էր ամուսնացել, եւ այդ օրը որոշել էր ամուսնու շապիկը կարել: Հետո էլ ասեղը բազմոցի թիկնակին էր խրել։ Քիչ անց ամուսինը վերադարձել էր, համբուրել նրան եւ ուսերով բազմոցին սեղմել։

- Այ, ցավում է, - բացականչել էր աղջիկը, բայց ամուսինը մտածել էր, թե նա ընդամենը ձեւեր է թափում, եւ ավելի ուժեղ սեղմել…

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի