• Latest news

Ինչո՞ւ հոգեպես անառողջ մարդիկ ավելի շատ են հիվանդանում եւ ավելի շուտ մահանում

23 հուլիսի, 2019  22:36

Հոգեկան հիվանդություններ ունեցող մարդիկ միջինը 20 տարի ավելի շուտ են մահանում այլ մարդկանցից։ Մանչեսթրի համալսարանի գիտնականները որոշել են պարզել այս ֆենոմենը։

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում, մասնագետները վերլուծել են թեմայի վերաբերյալ մոտ հարյուր հետազոտություններ՝ պարզելով, որ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց մեծ մասն ավելի վաղ է մահանում ոչ այնքան ինքնասպանությունների (թեեւ դրանց բաժին է ընկել անբնական մահերի 17 տոկոսը), որքան ֆիզիկական հիվանդությունների պատճառով։

Ինչպես պարզվել է, հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ երկու անգամ ավելի բարձր է շաքարային դիաբետի եւ կաթվածի առաջացման վտանգը։ Այսպես, դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների, դիաբետի եւ ճարպակալման առաջացման վտանգը մոտավորապես 40 տոկոսով ավելի բարձր է, քան հոգեկան խանգարումներ չունեցող մարդկանց մոտ։

Գիտնականների խոսքով՝ հոգեկան հիվանդությունը կարող է բարձրացնել սոմատիկ հիվանդության ռիսկը, իսկ սոմատիկ հիվանդությունն իր հերթին մեծացնում է հոգեկանի ռիսկը։ Բացի այդ, հոգեկան խանգարման բուժումը կարող է առաջ բերել կամ խորացնել ֆիզիկական հիվանդությունը։ Օրինակ, հաշվետվությունում ասվում է, որ շատ դեղամիջոցներ, որոնք կիրառվում են հոգեկան հիվանդությունների բուժման համար, ներառյալ հակադեպրեսանտները եւ տրամադրությունը կայունացնողները, կարող են անբարենպաստ ներգործություն ունենալ նյութափոխանակության եւ սրտի առողջության վրա։ Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ այդ դեղամիջոցները, միեւնույն է, «ավելի շատ օգուտ են բերում, քան վնաս», պարզապես բժիշկները պետք է հետեւեն եւ վերահսկեն ցանկացած կողմնակի ազդեցություն։

Գիտնականները նաեւ ընդգծել են, որ գրեթե բոլոր հոգեկան հիվանդությունները կապված են ռիսկի որոշ գործոնների հետ՝ պայմանավորված անառողջ ապրելակերպով, որն իր հերթին բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Այսպես, ուժեղ դեպրեսիա ունեցող մարդիկ ավելի հաճախ են ծխում եւ չեն հետեւում առողջ սննդակարգին։ Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ մարդ տագնապայնության խանգարմամբ չարաշահում է ալկոհոլը, իսկ սոցիոֆոբիայով տառապող մարդիկ ավելի քիչ են զբաղվում ֆիզիկական ակտիվությամբ։

Բայց անգամ ռիսկի այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսին են ծխելը, ֆիզիկական ակտիվությունը եւ մարմնի զանգվածի ինդեքսը, հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց մահացությունը, միեւնույն է, բարձր է։

Գիտնականների խոսքով՝  դա վկայում է այն մասին, որ հոգեկան հիվանդություններ ունեցող պացիենտներն ավելի քիչ են բժշկական օգնություն ստանում։ Օրինակ, նրանք ավելի հազվադեպ են բուժզննում անցնում, ավելին, նրանք ավելի հաճախ են հայտնվում շտապօգնության բաժանմունքում՝ կապված հիվանդությունների հետ, որոնք կարելի էր կանխել։

Հաշվետվությունում նաեւ ասվում է, որ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են բժշկական սպասարկումներ ստանում եւ ավելի հազվադեպ են ենթարկվում վիրաբուժական միջամտությունների, քան բնակչությունն առհասարակ։ Ավելին, համաձայն հաշվետվության՝ բուժաշխատողները հաճախ անհանդուրժող են լինում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի