• Latest news

Գրագետ տեղեկատվություն եւ պայքար վախերի դեմ. Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ բոլոր հղիները պարտադիր հաճախեն մայրության դպրոց (ֆոտո)

2 օգոստոսի, 2019  16:27

Հղիության ժամանակ ինչպե՞ս պետք է սնվել: Ինչպե՞ս հաղթահարել ավելորդ տագնապայնությունը հղիության ժամանակ: Ինչպե՞ս պետք է պատրաստվել ծննդաբերությանը: Ինչպե՞ս ճիշտ խնամել երեխային: Այսօր այս բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել համացանցում, սակայն շատ պատասխաններ ճշմարտությունից հեռու կլինեն. սխալ տեղեկությունը միայն կխորացնի հղիի վախերը եւ նոր առասպելներ ու մոլորությունները կսերմանի:

Կանանց հղիության եւ ծննդաբերության մասին իսկապես գրագետ ու ճշմարիտ տեղեկատվությամբ զինելու համար «Աստղիկ» ԲԿ-ում կազմակերպվում է մայրության հատուկ դպրոց: Հոգեբան, մայրության դպրոցի ղեկավար Լուսինե Կիրակոսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ հղիներին ամբողջ տեղեկատվությունը տրամադրում են մասնագետները:

Դպրոցը 4-օրյա է եւ անվճար «Աստղիկ» ԲԿ-ում հաշվառված հղիների համար: Ավելին՝ առաջին երեխայով հղի կանանց համար դպրոց հաճախելը պարտադիր է, քանի որ ստացած տեղեկությունները նրանց կօգնեն իրենց ճիշտ պահել հղիության ժամանակ եւ ծնվելուց հետո փոքրիկին ավելի գրագետ խնամել:

«Եթե կինը զինված է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությամբ, եթե նա լավ է հասկանում, թե իրեն կոնկրետ ինչ է սպասում, հաջողվում է շատ խնդիրներից խուսափել՝ թե՛ հղիության ժամանակ, թե՛ ծննդաբերելիս»,- ասաց Լուսինե Կիրակոսյանը:

Հղի կինը հենց հաշվառվում է «Աստղիկ» ԲԿ-ում, նրան ուղարկում են հոգեբանի մոտ: Եթե զրույցի ընթացքում հոգեբանը հասկանում է, որ կինը խնդիրներ ունի եւ հոգեբանական օգնություն է պահանջվում, նրանք պայմանավորվում են հետագա համագործակցության հարցում: Իսկ եթե հղին լուրջ հոգեբանական խնդիրներ չունի, նրան գրանցում են մայրության դպրոց հաճախելու համար, ընդ որում՝ կինն ինքը կարող է ընտրել, թե որ եռամսյակում կհաճախի դպրոց:

Մայրության դպրոցի շրջանակում առաջին օրը հղիների հետ զրուցում են գինեկոլոգն ու անեսթեզիոլոգը: Գինեկոլոգը պատմում է այն մասին, թե հղիության ժամանակ օրգանիզմում ինչպիսի փոփոխություններ են կատարվում, ինչ պետք է սպասել յուրաքանչյուր եռամսյակի ժամանակ, ինչպիսի կենսակերպ է անհրաժեշտ վարել, որ դեպքերում է պետք անմիջապես բժշկի դիմել: Մասնագետը նաեւ պատմում է այն մասին, թե ինչպես է անցնում ծննդաբերությունը եւ ինչպես պետք է դրան պատրաստվել: Եվ, բնականաբար, պատասխանում է կանանց բոլոր հարցերին՝ օգնելով ցրել բազմաթիվ հաստատված առասպելներ:

Անեսթեզիոլոգն իր հերթին պատմում է էպիդուրալ անզգայացման եւ ծննդաբերության ժամանակ դրա կիրառման մասին: Կանանցից շատերը ծննդաբերությունից վախենում են ցավերի պատճառով, եւ այսօր էպիդուրալ անզգայացման շնորհիվ կարելի է այդ ցավից հեշտությամբ խուսափել: Իհարկե, էպիդուրալ անզգայացումը կատարվում է պացիենտի ցանկությամբ, բայց ոմանց այն գրեթե ցուցված է, հատկապես նրանց, ովքեր կարող են ցավի պատճառով խուճապի մատնվել՝ խանգարելով մանկաբարձների աշխատանքին եւ իրեն ու երեխային վնասելու վտանգի ենթարկելով:

Անեսթեզիոլոգը կանանց բացատրում է, թե ինչպես է անցկացվում ցավազրկումը, օգնում է ցրել դրա շուրջ եղած առասպելները եւ պատասխանում է ծագող բոլոր հարցերին:

Երկրորդ դասի ժամանակ կանանց պատմում են այն մասին, թե կրծքով ինչպես ճիշտ կերակրեն երեխային եւ ինչու է կրծքի կաթն այդքան կարեւոր երեխաների համար:

Երրորդ դասի ժամանակ մանկաբույժները հղիներին պատմում են փոքրիկին խնամելու մասին, այն մասին, թե ինչպես պետք է մշակեն պորտը, ինչպես կտրեն եղունգները, ինչպես փոխեն տակդիրը, ինչպես կատարեն մերսում: Առաջին հայացքից այս ամենը մանրուքներ են թվում, բայց իրականում այս ամբողջ տեղեկատվության առկայությունը զգալիորեն կթեթեւացնի երիտասարդ մայրիկի կյանքը: Բնականաբար, կանանց այս ամեն ինչի մասին ոչ միայն պատմում են, այլեւ ցույց են տալիս եւ հնարավորություն ընձեռում փորձել ամեն ինչ ինքնուրույն անել հատուկ տիկնիկի վրա, որը շատ նման է նորածնի:

Չորրորդ դասի ժամանակ հղիների հետ աշխատում է հոգեբանը: Շատ հղի կանայք բախվում են վախերի, սթրեսի, բարձր տագնապայնության: Շատերը չափից ավելի զգայուն են դառնում, սենտիմենտալ, գրգռվող: Հոգեբանի հետ աշխատանքը նրանց օգնում է հաղթահարել այս բոլոր վախերը եւ դրական տրամադրվել:

Դասն ավարտվում է ծննդաբերական բաժանմունք էքսկուրսիայով. կանայք մտնում են ծնարաններ, նայում, թե իրենց ինչպիսի հիվանդասենյակներ են հասանելի, մտնում նեոնատոլոգիայի բաժանմունք:

Կանանց մոտ շատ վախեր վերանում են, երբ նրանք մտնում են «Աստղիկ» ԲԿ ծննդաբերական բաժանմունք եւ տեսնում, որտեղ եւ ինչ պայմաններում են ծննդաբերելու:

Համացանցում սարսափելի տեսանյութեր դիտած լինելով կամ իրենց մայրերից եւ տատիկներից ոչ պակաս սարսափելի պատմություններ լսելով, շատ կանայք ծնարանները սարսափ ֆիլմերի սարսափ ներշնչող սենյակներ են պատկերացնում: Իրականում ծնարանները, ամեն դեպքում այս կենտրոնի, լուսավոր, մաքուր, գեղեցիկ սենյակներ են, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Տեսնելով այդ սենյակները եւ ծանոթանալով անձնակազմի հետ՝ կանայք հասկանում են, որ իրենք եւ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են:

«Նման էքսկուրսիաներից մեկի ժամանակ մեր հղիներից մեկը նայեց շուրջը եւ ասաց. «Իսկ որտեղ են ճաքերով ձեր սալիկները»»,- հիշում է Լուսինե Կիրակոսյանը:

Հղիներին նաեւ հնարավորություն է տրվում զրուցել նոր ծննդաբերած կանանց հետ, որպեսզի լսեն, թե ինչպես է անցնում ծննդաբերությունը եւ ինչ է նրանց սպասվում:

«Հենց նոր ծննդաբերածների հետ զրույցները հղիներին օգնում են դրական տրամադրվել. երիտասարդ մայրիկները պատմում են, որ ցանկացած ցավ անմիջապես մոռացվում է, երբ նրանց կրծքին դնում են նորածին փոքրիկին»,- ասաց հոգեբանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի