• Latest news

Մարդիկ մինչեւ վերջ չեն գիտակցում անառողջ սնվելու իրական ռիսկերը. Փաշինյան

2 սեպտեմբերի, 2019  16:04

Մարդիկ մինչեւ վերջ չեն գիտակցում անառողջ սնվելու իրական ռիսկերը: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծխելուց հրաժարվելը չափազանց կարեւոր է: Վերջերս մենք խորհրդակցություն անցկացրեցինք եւ որոշեցինք կոնկրետացնել մեր հակածխախոտային քաղաքականության ընդհանուր սկզբունքները: Սակայն անհրաժեշտ է եւս մեկ կարեւոր բաղադրիչ հավելել՝ առողջ սնվելու խնդիրը: Այս մասին պետք է շատ խոսել: Մեր իրականության մեջ մարդիկ մինչեւ վերջ չեն գիտակցում անառողջ սնվելու ռիսկերը, թե ինչ հիվանդությունների դա կարող է հանգեցնել»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Արսեն Թորոսյանը նշել է, որ սննդակարգում աղի, շաքարավազի ու տրանս-ճարպերի օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, սակայն այդ խնդիրը հաճախ անտեսում են: Նախարարի խոսքով՝ Հայաստանում աղն օգտագործվում է 2 անգամ շատ, քան կարելի է, եւ աղը ծխախոտի նման կարող է սպանել մարդկանց: Շաքարավազն ու տրանս-ճարպերն իրենց հերթին մեծացնում են շաքարային դիաբետի եւ շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:

Նախարարը նշել է, որ աղի չարաշահման դեմ բավականին դժվար է պայքարել, սակայն անհրաժեշտ է աշխատել Հայաստանում առողջ կենսակերպի մշակույթի ներդրման ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ կհաջողվի նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկը:

Անառողջ կենսակերպը համարվում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի եւ ինֆարկտի զարգացման ռիսկի կարեւորագույն գործոններից մեկը: Տվյալ պահին Հայաստանում պետպատվերի շրջանակում ինֆարկտի եւ իշեմիկ ինսուլտի բուժման ժամանակ ստենավորման ծրագիր է գործում: Չնայած նրան, որ տվյալ հիվանդություններով տառապող բազմաթիվ պացիենտների ժամանակին օգնություն ցուցաբերելու դեպքում հաջողվում է փրկել, այդուհանդերձ, այդ հիվանդությունները կանխելն ավելի հեշտ է, քան դրանք բուժելը: Իսկ պրոֆիլակտիկան այդքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ. անհրաժեշտ է չծխել, չչարաշահել աղը, շաքարավազն ու ճարպերը, ճիշտ սնվել, չչարաշահել ալկոհոլը, հետեւել քաշին եւ օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի