• Latest news

Օստեոարթրոզ. ռիսկի գործոնները

28 հունիսի, 2014  10:40

Օստեոարթրոզը հոդերի հիվանդություն է, որի դեպքում դրանց մակերեսին գտնվող կռճիկային հյուսվածքներն են քայքայվում: Թվում է, թե` լուրջ բան չկա, սակայն այս հիվանդությունը հաշմանդամության ամենատարածված պատճառներից մեկն է համարվում եւ դիրքերով գուցե թե միայն սրտանոթային հիվանդություններին զիջի:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի ռեւմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Բադոկինն է նշել, օստեոարթրոզը 10-ից մեկ մարդու մոտ կարելի է հանդիպել: Ինչ վերաբերում է տարեց մարդկանց, ապա յոթանասունն անց բոլորի մոտ կարելի է հիվանդության այս կամ այն նախանշանները գտնել:

Ահա թե որոնք են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային օստեոարթրոզի առաջացման ռիսկի հիմնական գործոնները.

• Վնասվածք եւ ծանրաբեռնում. օստեոարթրոզի առաջացման հիմնական պատճառներից մեկը հոդերի վնասվածքն է: Պատահական չէ, որ այս հիվանդությունն առավելապես մարզիկների մոտ է ի հայտ գալիս, քանի որ նրանց այս կամ այն հոդերը մշտապես  ծանրաբեռնվածության են երթարկվում եւ վնասվածք ստանալու բարձր հավանականություն ունեն:

• Հավելյալ քաշ. օստեոարթրոզից առավելապես հավելյալ քաշ ունեցող մարդիկ են տառապում, քանի որ նրանց հոդերը կիլոգրամների հաշվին ավելցուկային ճնշում են կրում: 

• Տարիք. հոդերը, տարիքին զուգահեռ, այսպես թե այնպես մաշվում են: Ուստի 70-80 տարեկանում մարդկանց մեծամասնության մոտ օստեոարթրոզ կամ հոդերի այլ հիվանդություններ են սկսվում: 

• Ժառանգականություն. երկրորդ տիպի կոլագենի ժառանգական խանգարումներն ու մուտացիան, ինչպես նաեւ հոդերի եւ ոսկորների ժառանգական հիվանդությունները, օստեոարթրոզի առաջացման ռիսկի լուրջ գործոն են համարվում:

• Մկանների թուլություն. ամուր մկանները մեղմում են հոդերի վրա գործադրվող ճնշումը, ուստի թույլ մկաններ ունեցող մարդիկ եւս ռիսկային խմբի մաս են կազմում: 

• Էնդոկրին խախտումներ. հորմոնային խախտումները (այդ թվում` որոնք դաշտանադադարի ընթացքում եւ դրանից հետո են նկատվում) նույնպես կարող են օստեոարթրոզի առաջացման ռիսկ պարունակել:

Իսկ ի՞նչ կարելի է անել` հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս այս մասին դեռ երիտասարդ տարիքում մտածել: Մինչեւ խոր ծերություն հոդերն առողջ պահելու համար հարկավոր է ճիշտ սնվել, առողջ կենսակերպ վարել, չափավոր ակտիվ լինել եւ հավելյալ քաշից խուսափել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի