• Latest news

Ոչ ճիշտ սնվելը կարող է հանգեցնել կուրության. հետազոտություն

11 սեպտեմբերի, 2019  17:33

Անառողջ սնունդը կարող է լրջորեն վնասել տեսողությանը եւ անգամ կուրություն առաջացնել։ Այդ մասին վկայող դեպք է ներկայացված Annals of Internal Medicine ամսագրում։

Բրիսթոլի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտել են այդ դեպքը, խորհուրդ են տալիս բժիշկներին զննել տեսողության անբացատրելի խախտումներ ունեցող պացիենտներին՝ պարզելու համար, թե արդյոք նրանք ունեն այսպես կոչված սննդային օպտիկական նեյրոպաթիա, ընդ որում՝ անկախ մարմնի զանգվածի ինդեքսից։ Այս խնդրի ժամանակին հայտնաբերումը կօգնի խուսափել տեսողության լրիվ կորստից։

Տեսողական նյարդի սննդային նեյրոպաթիան տեսողական նյարդի դիսֆունկցիան է, որը վաղ փուլում բուժելի է, իսկ ժամանակին չբուժելը կարող է հանգեցնել տեսողական նյարդի անշրջելի ախտահարման եւ կուրության։

Զարգացած երկրներում տեսողական նյարդի սննդային նեյրոպաթիայի զարգացման հաճախ հանգեցնում են աղեհամակարգի խնդիրները կամ դեղամիջոցների ընդունումը, որոնք խանգարում են ստամոքսից սննդանյութերի ներծծմանը։ Դիետիկ պատճառներ այդ երկրներում հազվադեպ են պատահում, որովհետեւ սննդամթերքներն այնտեղ համեմատաբար որակյալ են։ Սակայն չզարգացած երկրներում հաճախ հենց ոչ ճիշտ սնվելն է դառնում սննդային օպտիկական նեյրոպաթիայի պատճառ։

Բրիտանացի մասնագետներն ուսումնասիրել են նորմալ մարմնի զանգվածի եւ աճի ինդեքս ունեցող դեռահաս պացիենտի դեպքը, որն առաջին անգամ թերապեւտի մոտ ընդունելության էր եկել հոգնածության բողոքներով։ Նրա սննդի  եւ տեսողության միջեւ կապը հայտնաբերվել է շատ ավելի ուշ՝ այն ժամանակ, երբ տեսողության խնդիրները մշտական են դարձել։

Բուժզննումը ցույց է տվել, որ նա մակրոցիտար անեմիա եւ B12 վիտամինի ցածր մակարդակ ունի։ Դեռահասին ներարկել են B12 վիտամին եւ խորհուրդ տվել փոխել սննդակարգը։

Մեկ տարի անց պացիենտը նորից եկել է բժշկի մոտ։ Այդ ընթացքում նրա մոտ առաջացել էին լսողության եւ տեսողության կորստի ախտանշաններ, բայց այդ խնդիրների պատճառն այն ժամանակ պարզել չեն կարողացել։ 17 տարեկանում պացիենտի տեսողությունը վատացել է, ընդհուպ մինչեւ կուրություն։

Հետագա հետազոտությունները պարզել են, որ երիտասարդը B12 վիտամինի պակաս ունի, ցածր է պղնձի եւ սելենի, բարձր՝ ցինկի մակարդակը, ինչպես նաեւ նկատելիորեն իջած է D վիտամինի եւ ոսկրի հանքային ամրության մակարդակը։

Պարզվել է, որ միջնակարգ դպրոցում ուսման սկսվելու հետ պացիենտը սնվել է հիմնականում չիփսերով, սպիտակ հացով եւ մշակված խոզի մսով։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ անառողջ սնվելը եւ վիտամինների ու հանքանյութերի սահմանափակ օգտագործումը հանգեցրել են պատանու մոտ սննդային օպտիկական նեյրոպաթիայի առաջացմանը։

Մասնագետները կարծում են, որ այդ հիվանդությունն ապագայում կարող է ավելի տարածվել, քանի որ ավելի շատ մարդիկ են նախընտրում անառողջ սնունդը, բացի այդ, վեգանությունը մեծ տարածում է ստանում, թեեւ վեգանական սննդակարգը օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ վիտամին В12 չի տալիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի