• Latest news

Կեսարյան հատումը նորածիններին ախտածիններ է փոխանցել՝ մայրական բակտերիաների փոխարեն

19 սեպտեմբերի, 2019  15:19

Բրիտանացի եւ ավստրալացի բժիշկները պարզել են, որ նորածինների միկրոբիոմը զգալիորեն տարբերվում է կախված փաստից՝ նրանք լույս աշխարհ են եկել բնակա՞ն ճանապարհով, թե՞ կեսարյան հատմամբ: Առաջիններն ավելի հաճախ բակտերիաներ են ստացել մորից, իսկ երկրորդների միկրոֆլորայի զգալի մասը կազմել են բակտերիաների ախտածին տեսակները, որոնք հատուկ են հիվանդանոցներին, հայտնում է N+1-ը՝ վկայակոչելով Nature-ին:

Չնայած երեխան մի քանի բակտերիաների հանդիպում է դեռեւս մոր արգանդում, միկրոբիոտայի մեծ մասը նրա օրգանիզմում է հաստատվում ծննդաբերության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո: Քանի որ միկրոֆլորան պատասխանատու է առողջության ամենատարբեր ասպեկտների համար՝ նյութափոխանակությունից մինչեւ իմունային համակարգի աշխատանք, երեխայի հետագա կյանքի համար չափազանց կարեւոր է լույս աշխարհ գալու, կրծքով կերակրվելու կամ հակաբիոտիկներ ընդունելու ժամանակ բակտերիաների ամենավաղ ազդեցությունը:

Wellcome Sanger ինստիտուտից Յան Շաոն Մեծ Բրիտանիայից եւ Ավստրալիայից գործընկերների հետ Baby Biome Study նախագծի շրջանակում ուսումնասիրել է նորածինների միկրոբիոմը: Գիտնականները անալիզի են ենթարկել բնական ճանապարհով լույս աշխարհ եկած 314 եւ կեսարյան հատմամբ ծնված 282 նորածինների աղիների բակտերիալ բաղադրությունը:

Հետազոտողները հայտնաբերել են, որ լույս աշխարհ գալու եղանակն ավելի ուժեղ է ազդում աղիքային բակտերիաների տեսակային բաղադրության վրա, քան կերակրելու եղանակը (կրծքի կաթ կամ կերախառնուրդ) կամ հակաբիոտիկների ընդունումը: Բնական ծնվածների շրջանում գերակշռում էին Bifidobacterium եւ Bacteroidetes կարգերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Escherichia coli աղիքային ցուպիկը. դրանք կազմել են ամբողջ միկրոբիոմի 68,3 տոկոսը: Իսկ նրանց շրջանում, որոնք լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով, այս բակտերիաներն ավելի քիչ էին, իսկ դրանց փոխարեն աղիքների մեջ են հաստատվել էնտերոկոկերը, ստաֆիլոկոկերը եւ կլոստրիդիումները՝ ախտածիններ, որոնք հաճախ դառնում են ներհիվանդանոցային ինֆեկցիաների պատճառ:

Այնուհետեւ գիտնականները համեմատել են 175 զույգ երեխաների եւ մայրերի միկրոֆլորան՝ պարզելու համար, թե ծննդաբերության ժամանակ ինչպիսի տեսակներ են ուղղակիորեն փոխանցվում: Պարզվել է, որ բնական ծննդաբերության ժամանակ բակտերիաները մորից երեխային են փոխանցվում 74 տոկոս դեպքերում, իսկ կեսարյան հատման ժամանակ՝ ընդամենը 12 տոկոս դեպքերում: Ընդ որում՝ մայրը, որպես կանոն, երեխային մատակարարում է առողջ միկրոֆլորա (աղիքային ցուպիկ եւ բիֆիդոբակտերիաներ), իսկ ախտածիններն, ըստ ամենայնի, ստացվում են հիվանդանոցային շրջապատից:

Այսպիսով՝ հետազոտողները ցույց են տվել, որ կեսարյան հատման ժամանակ խախտվում է մորից երեխային միկրոֆլորայի փոխանցումը: Նրանք, սակայն, նշում են, որ միանշանակ եզրակացություններ կատարելու համար, թե ծնվելու եղանակն ինչպես է ազդում երեխայի առողջության վրա, անհրաժեշտ է կատարել երկարաժամկետ հետազոտություններ, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ, որոնք լույս աշխարհ են եկել տանը ծննդաբերելու հետեւանքով:

Գիտնականներն ավելի վաղ արդեն կապ հայտնաբերել էին կեսարյան հատման եւ հիվանդությունների զարգացման միջեւ. օրինակ՝ այս եղանակով ծնված երեխաների շրջանում ավելի հաճախ են ախտորոշել ճարպակալում եւ ասթմա: Սակայն պարզ չէ՝ սա արդյոք կապվա՞ծ է միկրոբիոտայի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի