• Latest news

Տոմս դեպի Հայաստան՝ դեպի Իսրայել տոմսի փոխարեն. «Աստղիկ» ԲԿ բժիշկները քաղցկեղի կասկածով պացիենտի մոտ հազվագյուտ պաթոլոգիա են հայտնաբերել

5 նոյեմբերի, 2019  13:10

Կրասնոդարից (Ռուսաստան) 52-ամյա Ի.Ե.-ն վստահ էր, որ քաղցկեղ ունի, եւ պատրաստվում էր Իսրայել մեկնել բուժվելու: Նույնիսկ ինքնաթիռի տոմսն էր արդեն գնել, բայց վերջին պահին կինը որոշել է լսել եւս մեկ մասնագետի կարծիքը: Նա իր ծանոթներից շատ էր լսել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Ազնար Խաչատրյանի մասին եւ նրա հետ խորհրդակցելու համար որոշել է գալ Հայաստան:

Այստեղ պարզվել է, որ պացիենտի մոտ ամենեւին քաղցկեղ չկա, փոխարենը կա անչափ հազվագյուտ պաթոլոգիա՝ լեյոմիոմա, որը աճել էր միզուկի շրջանում, այլ ոչ արգանդում, ինչպես սովորաբար լինում է:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Ազնար Խաչատրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ պացիենտին (որի մոտ սոմատիկ ոչ մի հիվանդություն չկար, այդ թվում՝ դիաբետ եւ ճարպակալում) հետազոտել են Կրասնոդարում եւ միզուկի շրջանում նորագոյացություն հայտնաբերել՝ դեպի միզապարկ տարածմամբ: Քաղցկեղ կասկածելով՝ պացիենտին խորհուրդ են տվել մեկնել Իսրայել՝ վիրահատվելու եւ քիմիաթերապիա ստանալու:

Բժիշկ Խաչատրյանը զննել է պացիենտին եւ հեշտությամբ շոշափել միզուկի շրջանի գոյացությունը, սակայն այն շոշափելով չարորակի բոլորովին նման չէր: Ուլտրաձայնային հետազոտությունն իր հերթին ցույց է տվել, որ 2,4x1,6 սմ չափերով նորագոյացությունը զարմանալիորեն նման է… միոմայի: Սակայն միոմաները սովորաբար աճում են արգանդի վրա կամ մեջ, բայց ոչ մի դեպքում միզուկի վրա: Ի դեպ, պացիենտի արգանդին կային մի քանի փոքր միոմաներ:

Քանի որ պացիենտի մոտ առկա էին նաեւ դաշտանադադարի շրջանում արյան ոչ մեծ արտադրություններ, որոշվել է առաջին հերթին կատարել հիստերոսկոպիա՝ քերուկ վերցնելով: Հիստերոսկոպիայի ժամանակ ստացած հյուսվածքների հիստոլոգիական հետազոտությունը ոչ մի շեղում ցույց չի տվել: Այդ ժամանակ սկսել են պացիենտին նախապատրաստել անսովոր նորագոյացության հեռացման վիրահատությանը:

Վիրահատությունը կատարել է «Աստղիկ» ԲԿ ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արմեն Ավոյանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա ասաց, որ նորագոյացությունը տեղակայված էր հեշտոցի, միզուկի եւ միզապարկի միջեւ: Գլխավոր դժվարությունը այն այնպես հեռացնելն էր, որ այդ ընթացքում չվնասվեն ո՛չ միզուկը, ո՛չ միզապարկը:

«Իհարկե, ցանկացած բան կարելի է հեռացնել: Բայց անհրաժեշտ է դա այնպես անել, որ պացիենտին վնաս չհասցվի: Հիմնական դժվարությունն այն էր, որ նորագոյացությունն անչափ մոտ էր միզուկին եւ միզապարկի վզիկին, կային նաեւ կպումներ, եւ անհրաժեշտ էր նորագոյացությունն այնպես հեռացնել, որ այս անատոմիական կառուցվածքները չվնասվեին, որպեսզի պացիենտը հետագայում խնդիրներ չունենար», - ասաց բժիշկ Ավոյանը:

Աշխատանքը դժվարեցրել է նաեւ այն, որ անհրաժեշտ էր նորագոյացությունն ամբողջությամբ հեռացնել, հնարավորինս «ագրեսիվ» կերպով, որպեսզի եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ այն չարորակ է, պացիենտի օրգանիզմում չարորակ բջիջներ չմնան:

Վիրահատությունը կատարել են ներհեշտոցային ճանապարհով, այսինքն հեշտոցի միջով: Պացիենտի մաշկին սպիներ չեն մնացել, իսկ վիրահատությունից մեկ օր հետո նրան հիվանդանոցից դուրս են գրել:

Թե՛ պացիենտը, թե՛ նրա բժիշկները մի քանի օր անհամբերությամբ սպասել են հիստոլոգիական հետազոտության արդյունքներին: Երբ դրանք, վերջապես, պատրաստ էին, պարզվել է, որ նորագոյացությունն իսկապես միոմատոզ հանգույց էր, այլ ոչ թե քաղցկեղային ուռուցք:

Քանի որ հետագա բուժման անհրաժեշտություն չկար, պացիենտը վերադարձել է հայրենիք։

«Սա իսկապես եզակի դեպք է՝ միոմատոզ հանգույց միզուկի շրջանում։ Ես իմ գործունեության ընթացքում նման բան չէի տեսել, եւ համոզված էլ չեմ, որ երբեւէ նորից կտեսնեմ», - ասաց Ազնար Խաչատրյանը։

Ինչպե՞ս կարող էր միոման գոյանալ ոչ արգանդի վրա։ Ամենայն հավանականությամբ, դեռեւս ներարգանդային զարգացման ժամանակ պացիենտի մոտ տեղի է ունեցել աննկատ շեղում, եւ մի քանի բջիջներ, որոնք պետք է կազմեին արգանդի մի մասը, մնացել են այդ օրգանից դուրս։ Նման շեղումներ, բժիշկների խոսքով, երբեմն պատահում են եւ սովորաբար իրենց անգամ զգալ չեն տալիս։ Իսկ այս դեպքում փոքրագույն արգանդային հյուսվածքի վրա, որը գտնվել է արգանդից դուրս, միոմա է գոյացել։

«Աստղիկ» ԲԿ բժիշկները ծրագրում են գիտական հոդված գրել այս դեպքի մասին, որը հաստատապես կհետաքրքրի այլ երկրների իրենց գործընկերներին, չէ՞ որ նման դեպքերը հազվագյուտ են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի