• Latest news

Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով

7 փետրվարի, 2020  10:35

Փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է:

Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել  իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

  • խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։