• Latest news

Հայաստանի խորհրդարանում մարդիկ կան, որոնք ներկայացնում են ծխախոտային արդյունաբերության շահերը. փորձագետ

15 փետրվարի, 2020  14:12

Հայաստանի խորհրդարանում մարդիկ կան, որոնք ներկայացնում են ծխախոտային արդյունաբերության շահերը եւ ամեն ինչ անում են հանուն այն բանի, որ այս արդյունաբերությունը հանկարծ չտուժի: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը, որը մասնակցել է նոր օրինագծի մշակմանը:

Ըստ նրա՝ փետրվարի 13-ին հակածխախոտային օրենքի ընդունումը ամբողջ հայ ժողովրդի հաղթանակն է: Այս որոշման արդյունքներն իրենց զգացնել կտան ապագայում, երբ երկրում ծխողների թիվը պակասի, եւ մարդիկ սկսեն ավելի քիչ հիվանդանալ ծխելու հետ կապված հիվանդություններով:

Մասնագետը հիշեցրեց, որ օրենքը մշակվել է մյուս երկրների փորձը հաշվի առնելով, որտեղ հակածխախոտային օրենքը գործում է արդեն մի քանի տասնյակ տարի: Ճիշտ է, մեր օրենքը տարբերվում է նրանով, որ հաշվի են առնվել նաեւ մյուս երկրների սխալները. եթե 10-20 տարի առաջ դեռեւս ոչ մի բան հայտնի չէր էլեկտրոնային ծխախոտի վտանգների մասին, ուստի այն հաշվի չի առնվել շատ երկրների օրենքներում, ապա մեր օրենքում բոլոր սահմանափակումները տարածվում են ցանկացած ծխախոտային արտադրանքի վրա, այդ թվում՝ էլեկտրոնային գաջեթների, որովհետեւ այսօրվա գիտությունն արդեն շատ բան գիտի այն մասին, թե դրանք որքան վտանգավոր են ինչպես իր՝ ծխողի, այնպես էլ նրա շրջապատի համար:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում հակածխախոտային օրենքն ընդունվել է մեծ դժվարությամբ, քանի որ «մեր երկրում ծխախոտային լոբբիզմ կա նույնիսկ ամենաբարձր ատյաններում»: Մասնագետի խոսքով՝ խորհրդարանում մարդիկ կան, որոնք ամեն ինչ անում են հանուն այն բանի, որ ծխախոտային արդյունաբերությունը հանկարծ չտուժի: Ընդ որում՝ որոշ պատգամավորներ դա անում են քողարկված՝ ասելով, որ հակածխախոտային օրենքի պատճառով կարող է տուժել ամբողջ Հայաստանը, կարող են նվազել հարկերը... Իհարկե, երկրներից ոչ մեկում, որտեղ հակածխախոտային օրենքը գործում է, դեռեւս այդպիսի խնդիրներ չեն եղել: Մասնագետի խոսքով՝ այլ պատգամավորներ հրապարակային խոսում են կոնկրետ բիզնեսի շահերի մասին:

«Անձամբ ինձ համար անհասկանալի է, թե պատգամավորն ինչո՞ւ պետք է մտածի ինչ-որ մեկի բիզնեսի մասին: Եթե մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են, որոշ բիզնեսներ կարող են աճել, մյուսներն անհետանալ: Պատգամավորը չպետք է մտածի առանձին բիզնեսի մասին, նա պետք է մտածի միայն մեր երկրի, մեր ժողովրդի շահերի մասին: «Լուսավոր Հայաստան» ամբողջ խմբակցությունն այսօր պաշտպանում է ծխախոտային արդյունաբերությունը, նրանք այս նախագծին դեմ էին դեռեւս առաջին ընթերցման ժամանակ: Ես առայժմ չգիտեմ, թե նրանք ինչ շահեր ունեն, դա ավելի ուշ կպարզվի: Իսկ առայժմ փաստ է, որ ամեն ինչ արվում է, որ բիզնեսի կոնկրետ ճյուղը չտուժի»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ՝ ծխախոտային արդյունաբերության գործերը վատթարանում են. սա համաշխարհային թրենդ է, քանի որ մարդիկ սկսում են ծխելուց հրաժարվել: Եվ, մասնագետի խոսքով, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում պայքարեն այսպիսի համաշխարհային թրենդի դեմ՝ երկիրը դարձնելով «ամբողջ տարածաշրջանի մոխրամանը»:

Մասնագետի խոսքով՝ ծխախոտային արտադրանք արտադրողները, բնականաբար, չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը եւ ամեն ինչ անում են, որ մարդիկ շարունակեն ծխել: Ավելին՝ նրանք հատուկ ծրագրեր ունեն ծխախոտին ներգրավելու երեխաներին/դեռահասներին եւ կանանց:

«Միանգամայն հասկանալի է, թե ինչու նրանք դա չեն ուզում: Իսկ թե ինչո՞ւ են նրանց աջակցում պատգամավորները, դա դեռ պետք է պարզել»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ ոչ մի կրթված մարդ սեփական կամքով հանդես չի գա ծխելու օգտին եւ սատարի ծխախոտային արդյունաբերության շահերը:

Նա հավելեց, որ Հայաստանն ամենեւին միակ երկիրը չէ, որտեղ նման բան է տեղի ունենում. բոլոր երկրներում ծխախոտային արդյունաբերությունը կաշառել է պաշտոնյաներին եւ ամբողջ ուժով պայքարել հակածխախոտային օրենքների ընդունման դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։