• Latest news

Գոտկատեղի շրջագիծը կարող է վկայել առաջիկա 10-15 տարիներին թուլամտության զարգացման վտանգի մասին

25 հունիսի, 2020  20:15

50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար գոտկատեղի շրջագիծը կարող է լինել ցուցանիշ, որը կանխատեսում է առաջիկա 10-15 տարիներին դեմենցիայի զարգացման վտանգ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է International Journal of Epidemiology ամսագրում։

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշով եւ գոտկատեղի մեծ շրջագծով մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկը միջինը 28%-ով ավելի բարձր է, քան նորմալ քաշով եւ կազմվածքով մարդկանց մոտ։

Կենտրոնական ճարպակալմամբ (ճարպային կուտակումները փորի շրջանում են) կանանց մոտ առաջիկա 15 տարիներին դեմենցիայի զարգացման հավանականությունը եղել է 39%-ով ավելի բարձր, քան նրանց մոտ, ում գոտկատեղի շրջագիծը չի գերազանցել թույլատրելի թիվը։

«Փորի չափի մեծանալուն զուգընթաց՝ գլխուղեղում հիշողության կենտրոնը նվազում է, ցույց են տվել նախորդ հետազոտությունները»,- CNN-ին հայտնել է Քորնելի համալսարանի Ալցհեյմեր հիվանդության կանխարգելման կլինիկայի (The Alzheimer's Prevention Clinic (APC) at Weill Cornell Medicine) ղեկավար Ռիչարդ Այզեքսոնը: Նրա խոսքերով՝ այդ հետազոտությունը շատ կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ գոտկատեղի շրջագծի մեծացումը իսկապես կապված է դեմենցիայի հետ: Նա ինքը, սակայն, այս ուսումնասիրությանը չի մասնակցել:

«Դեմենցիան 21-րդ դարի կարեւորագույն խնդիրներից է, որը կարող է սպառնալ բնակչության առողջ ծերացմանը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճարպակալման տարածվածությունը այդ խնդրի մի մասն է»,- ասել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) պրոֆեսոր Էնդրյու Սթեփթոուն:

Հետազոտության շրջանակներում գիտնականները չափել են փորձի 6582 մասնակիցների հասակը, քաշը եւ գոտկատեղի շրջագիծը, իսկ հետո նրանց հետեւել 11 տարի: Հետազոտության հեղինակները նաեւ մասնակիցների վերաբերյալ ժողովրդագրական տեղեկատվություն եւ նրանց առողջության մասին մանրամասն տվյալներ են հավաքել: Ավարտելով իրենց դիտարկումները՝ նրանք վերլուծել են, թե ինչպիսի կազմվածքով մարդկանց մոտ է ավելի հաճախ թուլամտություն առաջացել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։