• Latest news

Ինչու կարող է վտանգավոր լինել գոլորշու ինհալյացիաների միջոցով COVID-19-ի կանխարգելումը  

4 հուլիսի, 2020  21:45

Գոլորշու ինհալյացիաների արդյունավետությունը մրսածության եւ վերին շնչուղիների վարակների բուժման դեպքում շատ կասկածելի է, սակայն, չնայած դրան, որոշ մարդիկ օգտագործում են այդ մեթոդը COVID-19-ի կանխարգելման համար, ինչը հաճախ հանգեցնում է մի շարք խնդիրների, հատկապես՝ երեխաների մոտ: Այս մասին The Lancet ամսագրում գրում են բժիշկները:

Գոլորշու ինհալյացիայի սիրահարների առջեւ ծառացող ամենատարածված խնդիրներից մեկը այրվածքներն են: Բիրմինհեմի մանկական հիվանդանոցի (Birmingham Children's Hospital) բժիշկների խոսքերով՝ համավարակի սկզբից եռացրած ջրից եւ գոլորշուց այրվածքներով փոքրիկ պացիենտների թիվը աճել է 30 անգամ:

Կարծիք կա, որ տաք գոլորշին նվազեցնում է լորձաթաղանթի բորբոքումն ու կանխում է վիրուսների բազմացումը, ուստի գոլորշու ինհալյացիաների ժողովրդականությունը զգալիորեն աճել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ, չնայած դրանց արդյունավետությունը չի ապացուցվել ոչ կորոնավիրուսային վարակի, ոչ էլ այլ հիվանդությունների դեպքում:

«Ամեն օր Մեծ Բրիտանիայի շտապ օգնության բաժանմունքներ է ընդունվում ավելի քան 100 երեխա՝ այրվածքային վնասվածքներով: Կարանտինի հայտարարման սկզբից մեր հիվանդանոցի այրվածքային կենտրոն է ընդունվել երեսուն անգամ ավելի շատ փոքրիկ պացիենտ, քան սովորաբար: Ամենից հաճախ երեխաները վնասվածք են ստանում պատահաբար եռացող ջուրը թափելուց, նրանցից ոմանք առանց ծնողի հսկողության են ինհալյացիա արել»,- գրում են Բիրմինհեմի մանկական հիվանդանոցի բժիշկները:

Մասնագետների խոսքերով՝ ամեն տարի սովորական պայմաններում իրենք ընդունում էին գոլորշու ինհալյացիայից այրվածքներով ոչ ավելի, քան 2 պացիենտի: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցը այրվածքային վնասվածքներով 6 երեխա է ընդունել, որոնցից ամենածանր դեպքը երկշաբաթյա երեխայի մոտ է եղել, նրան մաշկի փոխպատվաստում է պահանջվել:

Բժիշկները հարցումներ են կատարել ողջ Անգլիայում այրվածքային բաժանմունքների աշխատակիցների շրջանում եւ պարզել են, որ նրանց առնվազն կեսը բախվել է երեխաների մոտ այսպիսի վնասվածքների աճի: Ավելին, կենտրոնների երկու երրորդը հայտնել է էթնիկ պատկանելության եւ օգնության դիմելու փոխկապակցվածության մասին` հիմնականում դիմել են հնդկացիներ, պակիստանցիներ, բանգլադեշցիներ եւ ասիական երկրներից Բրիտանիայի այլ բնակիչներ։

Բժիշկները հիշեցնում են, որ ոչ մի ուսումնասիրություն չի ապացուցել, թե գոլորշու ինհալյացիաները կարող են թեթեւացնել շնչառական հիվանդությունների ախտանիշները: Չնայած դրան, 2016 թվականին անցկացված հարցումները ցույց են տվել, որ բժիշկների մոտ 80%-ը խորհուրդ է տալիս այս պրոցեդուրան իրենց պացիենտներին:

«Գոլորշու ներս շնչելը վտանգավոր է երեխաների համար: Դա կարող է հանգեցնել հոսպիտալացման, վիրաբուժական միջամտության, բացի այդ, ուժեղ այրվածքների հետեւանքով երեխայի արտաքինը կարող է խեղված մնալ ամբողջ կյանքում: Բժիշկները պետք է նախազգուշացնեն ծնողներին այդ մասին եւ սովորեցնեն տանը երեխաների բուժման ավելի անվտանգ ու արդյունավետ մեթոդները»,- կարծում են բժիշկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ