• Latest news

Օստեոպորոզի առանձնահատկությունները

15 օգոստոսի, 2014  13:04

Նեւրոպաթոլոգիայի, մանուալ թերապիայի եւ ռեֆլեքսոթերապիայի մասնագետ Մկրտիչ Ավագյանը հատուկ NEWS.am Medicine-ի համար հենաշարժական ապարատին վերագրվող ամենաարդիական խնդիրներից մեկի՝ օստեոպորոզի մասին մի շարք գաղտնիքներ է բացահայտել:

Օստեոպորոզը բավականին երկար ժամանակ քողարկված է զարգանում: Հիվանդության առաջացման պահից շուրջ 10 տարի կարող է անցնել՝ մինչ իր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններից անտեղյակ մարդն առաջին հիպոտրավմատիկ կորտրվածքը կստանա: Ընդ որում, խոսքն առավել հաճախ ողների վնասվածքի մասին է, ինչը կարող է մեջքի սուր ցավ եւ բժշկի օգնությանը դիմելու անհրաժեշտություն առաջացնել: Ողների օստեոպորոտիկ կոտրվածքների համար առավել բնութագրական ախտանշաններից է ողնաշարի ցավն ու դեֆորմացիան: Երբեմն էլ ցավի նոպան կարող է ստամոքսի փքվածությամբ եւ աղիների ֆունկցիոնալ անանցանելիությամբ ուղեկցվել: Օստեոպորոզի պատճառած բարդություններից են հաճախակի կոտրվածքները (պաթոլոգիական), որոնք որոշ դեպքերում կարող են բավականաչափ ուշ եւ վատ սերտաճման հանգեցնել, արտաքին ֆիզիկական արատներն ու ծանր շարժողունակությունը: Դրանցից առավել սարսափազդուն ազդոսկրի վզիկի կոտրվածն է, ինչը կարող է բուժմանն ուղղված մեծ ծախսեր պահանջել եւ ի վերջո հաշմանդամության եւ, որոշ դեպքերում էլ՝ մահվան ելքի հանգեցնել:

Ախտորոշում


Օստեոպորոզի վաղ ախտորոշումը չափազանց մեծ կարեւորություն ունի: Մասնավորապես գերհոգնածության, ոտքերի մեջ ցնցումների, մեծ ծավալով ատամնափառի, պարադոնտոզի, ոսկրերի եւ գոտկատեղի ցավի, փխրուն եւ շերտազատվող եղունգների, մազերի վաղ գունաթափման, սրտի արագ աշխատանքի, ինչպես նաեւ առավել լուրջ ախտանշանների՝ ոսկորների կոտրվածքի եւ ողնաշարի ծռման պարագայում անհրաժեշտ է անհապաղ բժշկի օգնությանը դիմել:

Ճշգրիտ եզրահանգման համար մասնագետը կարող է օստեոպորոզի ախտորոշման ոսկե ստանդարտ համարվող դենսիտոմետրիկ հետազոտություն նշանակել: Բացի այդ, կարող է նաեւ ոսկրերի ռենտգեն հետազոտության եւ համակարգչային տոմոգրաֆիայի անհրաժեշտություն առաջանալ: Ի հավելումն, հիվանդը պետք է արյան հետազոտություն անցնի՝ կալցիումի բաղադրությունը որոշելու եւ հորմոնային ֆոնը պարզելու համար: Որոշ դեպքերում էլ էնդոկրինոլոգի մոտ՝ հավելյալ խորհրդատվության կարող է ուղեգրվել, կանանց պարագայում՝ գինեկոլոգի:

Ռենտգենոլոգիական դենսիտոմետրիան, բացի օստեոպորոզի ախտորոշումից, մի շարք այլ նպատակներ է հետապնդում, ներառյալ ոսկրի առավել ցածր խտությամբ աչքի ընկրող հատվածների բացահայտումը՝ բարձր հավանականությամբ հետագայում ի հայտ գալիք կոտրվածքների կանխարգելման նպատակով, ինչպես նաեւ ոսկրի զանգվածի կորստի եւ նշանակված դեղամիջոցների արդյունավետության գնահատումը:

Բուժում

Օստեոպորոզի բուժումն ուղղակիորեն դենսիտոմետրիայի արդյունքներից է կախված: Պրոցեդուրայի ավարտից հետո գործընթացին նաեւ էնդոկրինոլոգը, ռեւմատոլոգն ու նուտրիցիոլոգն են միանում՝ հիվանդի համար անհրաժեշտ դեղամիջոցների եւ սննդակարգի կազմը որոշելու համար: Մասնավորապես, արյան մեջ կալցիումը յուրացումը խթանող դեղորայքային բուժում, ֆիզիկական վարժություններ եւ ֆիզիոթերապիայի այլ մեթոդներ կարող են կիրառվել: Որոշ դեղամիջոցները քայլելու ընթացքում են առավել հեշտ յուրացվում, ուստի հիվանդներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում քայլքի համար անհրաժեշտ ժամանակ գտնել: Էնդոկրին համակարգի խանգարումներ ունեցող հիվանդներին հորմոնային ֆոնը կարգավորող, մասնավորապես նաեւ՝ կալցիում եւ D3 վիտամին պարունակող դեղամիջոցներ են նշանակվում: Մերսումը եւ բուժիչ ֆիզկուլտուրան եւս կարող են թերապիայի մաս կազմել, ընդ որում անհրաժեշտության դեպքում հիվանդը պետք է, բժշկի խորհրդով, համապատասխան կորսետ կրի:

 

Հավելյալ տեղեկություններ

Շատերին թվում է, թե վիտամիններ եւ կաթնամթերք օգտագործելով՝ հնարավոր է կալցիումի՝ օրգանիզմում առկա պակասը լրացնել:  Պարզվում է՝ դա այնքան էլ արդյունավետ միջոց չէ, քանի որ մեկ այլ գործոն՝ մարդու կողմից ընդունված սննդամթերքի եւ դեղամիջոցների յուրացման մակարդակը հաշվի չի առնվում: Դեռեւս Հիպոկրատն էր ասում, թե «մարդն այն է, ինչ ուտում է»: Ստացվում է, որ կարող ենք կիլոգրամներով հաբեր ընդունել, սակայն սպասվող արդյունքից էլ կիլոմետրերով հեռու մնալ: Կարեւորն այն է, որ օրգանիզմը կարողանա մարսել այն, ինչ ընդունել ենք: 

Հարկ է նաեւ նշել, որ ավելի լավ է օստեոպորոզի կանխարգելման, քան՝ բուժման գործին լծվել: Դրա համար հարկավոր է ընդամենը սննդային բուրգի հիման վրա կառուցված սննդակարգ պահպանել: Այդ տեսանկյունից թե սննդամթերքի, եւ թե սննդային հավելումների միջոցով հատկապես կալցիումի եւ D վիտամինի անհրաժեշտ ծավալներով ընդունումը կարող է վճռորոշ կարեւորություն ունենալ: Խորհուրդ է տրվում նվազեցնել կամ բացառել սուրճի, ալկոհոլի, ծխախոտի եւ աղի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդամթերքի կիրառությունը, քանի որ դրանք օրգանիզմից կալցիում հեռացնելու հատկություն ունենք: Բացի այդ, ապացուցված է, որ ֆիզիկական վարժություններով զբաղվող կանայք ոսկրի առավել բարձր խտությամբ են աչքի ընկնում:

Մի խոսքով, օստեոպորոզը չափազանց լուրջ հիվանդություն է, որը դեմ արդյունավետ պայքարը պրոֆիլակտիկ միջոցառումներ, վաղ ախտորոշում եւ բուժում է պահանջում: Վաղ ախտորոշման եւ համարժեք բուժման պարագայում կարելի է հիվանդության աճի տեմպերի դանդաղեցման եւ կանգառի հասնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի