• Latest news

Կանանց մոտ վնասվածքը կարող է սննդային կախվածությո՞ւն առաջացնել

20 սեպտեմբերի, 2014  23:39

Հետազությամբ վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ հետվնասվածքային սթրեսին հատուկ ախտանշաններ դրսեւորող կանանց մոտ սննդային կախվածության առաջացման բարձր ռիսկ է գործում:

Ուսումնասիրության շրջանակում 25-42 տարեկան 49 հազար բուժքույրեր են հարցախույզի ենթարկվել՝ պարզելու համար, թե արդյոք նրանց կյանքում որեւէ վնասածին իրադարձություն՝ մանկական տարիքում՝ բռնության գործադրում, սիրելի մարդու բռնի մահ, վիժում կամ մահածնություն է տեղի ունեցել: Այնուհետեւ փորձագետները տվյալներ են հավաքագրել առ այն, թե արդյոք հիշյալ իրադարձությունների արդյունքում մասնակիցների մոտ հետվնասվածքային սթրեսին հատուկ ախտանշաններ՝ նախկինում հետաքրքրություն ներկայացնող գործողությունների նկատմամբ հետաքրքրության կորուստ եւ մարդկանցից մեկուսացման զգացումներ են առաջացել:

Միաժամանակ տվյալներ են հավաքագրվել նաեւ սննդային կախվածության մասին վկայող ախտանշանների մասին, օրինակ, երբ նույնիսկ քաղցի բացակայության պայմաններում՝ անընդհատ ուտելու մոլուցք, շատ ուտելուց հետո՝ թուլության կամ ուժասպառության զգացում, իսկ որոշ սննդատեսակներից հրաժարվելու դեպքում էլ՝ պակասը լրացնելու անհագուրդ ցանկություն է առաջանում: FoxNews-ի փոխանցմամբ, փորձագետները համարել են, որ մասնակիցը սննդային կախվածություն ունի, եթե վերոհիշյալ ախտանշաններից որեւէ մեկի առկայության մասին է վկայել:

Ընդհանուր առմամբ, վնասածին իրադարձության հետեւանքով մասնակիցներից 66 տոկոսի մոտ հետվնասվածքային սթրեսին հատուկ առնվազն մեկ ախտանշան է դրսեւորվել, իսկ 8 տոկոսի մոտ՝ սննդային կախվածություն: Սակայն սննդային վարքագծի խանգարումը հենց հետվնասվածքային սթրեսի ենթարկված մասնակիցների մոտ է առավել նկատելի եղել: Մասնավորապես, հիվանդության 6-7 ախտանշան (4-ի առկայության դեպքում արդեն իսկ հետվնասվածքային սթրես է ախտորոշվում) դրսեւորած կանանց գրեթե 18 տոկոսը կախվածությանը հատուկ ախտանշաններ է դրսեւորել՝ ի տարբերություն սթրեսի չենթարկվածների, որոնց պարագայում ցուցանիշն ընդամենը 6 տոկոս է կազմել:

Սննդային կախվածության եւ հետվնասվածքային սթրեսի միջեւ կապն առավել նկատելի է եղել այն կանանց մոտ, որոնք մինչեւ կյանքի 10-րդ տարեդարձի լրանալն են վնասածին իրադարձության ազդեցությանը ենթարկվել:

Նախընթաց հետազոտություներով վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ հետվնասվածքային սթրեսի ախտանշաններ դրսեւորող մարդկանց մոտ ճարպակալման բարձր ռիսկ է գործում: Խնդրո առարկա ուսումնասիրությունը կարող է նաեւ դրա բացատրությունը տալ՝ չէ՞ որ, որպես սթրեսի հաղթահարման միջոց, մարդիկ սկսում են սննդառության գործընթացն օգտագործել:

Այդուհանդերձ, քանի որ հարցախույզի հեղինակները չեն հետաքրքրվել, թե երբ են սննդային կախվածության մասին վկայող ախտանշաններն ի հայտ եկել, միանշանակ փաստ չէ, որ դրանք հետվնասվածքային սթրեսի արդյունք են: Ի վերջո, վնասածին իրադարձությունը որոշ դեպքերում կարող էր սննդային վարքագծի փոփոխությունից հետո տեղի ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի