• Latest news

Երեւանում աստղերի մասնակցությամբ բարեգործական համերգ տեղի կունենա մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների համար

25 նոյեմբերի, 2015  14:52

Դեկտեմբերի 1-ին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում բարեգործական համերգ տեղի կունենա, որի ամբողջ հասույթը կտրամադրվի մանկական ուղեղային կաթվածից  (ՄՈՒԿ) տառապող երեխաների վերականգնմանը: Ինչպես նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսին տեղեկացրել են համերգի կազմակերպիչները, ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաները եւս ներկա կլինեն համերգին: 

Ինչպես պարզաբանել է համերգը կազմակերպող ընկերության` «ԱՄԿՈ ՓՐՈԴԱՔՇՆԻ» ներկայացուցիչ Ռուբինա Գրիգորյանը, համերգը երկու նպատակ է հետապնդում:  Առաջինը ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաների վերականգնման համար միջոցներ հավաքելն է: Երկրորդը, որ պակաս կարեւոր չէ, այդ երեխաների ներառումն է հասարակությունում:  Ռուբինա Գրիգորյանի խոսքով, համերգի նշանաբանն է  «Միշտ ժպտա, ես քո ընկերն եմ»: ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաներին նաեւ անակնկալ է սպասում: 

Երիտասարդ երգչուհի Լիդուշիկը տեղեկացրել է, որ արդեն  10 տարի հանդես է գալիս տարբեր համերգներում, իսկ տատիկը միշտ ստուգում է` համերգն իրոք բարեգործական էր եւ ինչպես են ծախսվել հավաքված միջոցները: Նրա խոսքով,  ինքը  ստացել է տատիկի համաձայնությունը` մասնակցելու այս համերգին եւ մեծ հաճույքով է անելու դա, որովհետեւ արդեն հասցրել է ծանոթանալ այն երեխաներին, որոնց համար կազմակերպվում է համերգը:  «Մինչ այս, չգիտեի, որ ՄՈՒԿ հիվանդություն գոյություն ունի: Այժմ գիտեմ, որ շատ հայտնի մարդիկ տառապել են դրանից», - պատմել է նա:

Կրկեսի արտիստուհի եւ պարուհի Թինա Քեյն ասել է, որ Լիդուշիկից երեք անգամ ավելի երկար ժամանակ է, ինչ բեմի վրա է եւ ինքն էլ, մեկ անգամ չէ, որ մասնակցել է բարեգործական համերգների: «Փաստ է, որ այդ երեխաները մեր աջակցության կարիքն ունեն:  Փաստ է, որ արվեստը կարող է օգտակար լինել նրանց: Սա այն կամուրջն է, որը երեխաներին կկապի ամենօրյա նորմալ կյանքին», - ասել է նա` հավելելով, որ յուրաքանչյուր  արվեստագետ եւ իրեն հարգող մարդ պիտի բարեգործությամբ զբաղվի: 

Թինա Քեյն ասել է, որ ինքն անձամբ պար է դասավանդում հատուկ դպրոցում եւ լավ է պատկերացնում սահմանափակ կարողություններով երեխաների խնդիրները:  Նա հանդես է գալիս հասարակության մեջ այդ երեխաների ավելի մեծ ներգրավման օգտին եւ ուրախ է, որ հատուկ դպրոցի շատ աշակերտներ արդեն սովորական դպրոցներ են տեղափոխվել: 

Նա նաեւ հիվանդ երեխաների ծնողներին է դիմել` խնդրելով չհուսահատվել, համբերություն ունենալ եւ գիտակցաբար մոտենալ իրավիճակին: Նա կոչ է արել հիշել, որ միշտ կան մարդիկ, որոնք պատրաստ են նրանց օգնության հասնել: 

Ռուբինա Գրիգորյանը տեղեկացրել է, որ համերգի տոմսերը վաճառվում են մատչելի գներով`  1000 եւ 2000 դրամ, եւ մեծ մասն արդեն վաճառվել է:  

Նա նաեւ հատուկ ընդգծել է, որ երգիչներից ու արվեստագետներից ոչ մեկը ոչինչ չի ստանա ելույթի համար եւ նրանց հատուկ շնորհակալություն է հայտնել դրա համար: 

Դեկտեմբերի 1-ի համերգին կմասնակցեն Զարուհի Բաբայանը երգի ստուդիայի իր սաների հետ, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Հայկ Պետրոսյանը, Ալբերտ Ղազարյանը, Էմմա Պետրոսյանը, Սոֆի Դեւոյանի մշակույթի տան սաները, Թինա Քեյի աշակերտները, «Ամարաս»  պարային   համույթը, երիտասարդ կատարողներ Լիդուշիկը, Նանուլը, Մեգին, Միկան եւ ուրիշներ:

Համերգից ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայ մայրեր» ՀԿ-ին, որում  ուղեղի կաթված ունեցող 160 երեխա է հաշվառված:

Տոմսերը վաճառվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղում: Տեղեկատու հեռախոսահամարն է 098404077:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի