Անգամ հզորագույն դեզինֆեկտանտները կարող են անզոր լինել սուպերբակտերիաների դեմ

10:50   17 հուլիսի, 2019

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն սուպերբակտերիաները կարող են  ողջ մնալ հիվանդանոցներում, որտեղ  ենթարկվում են քլորի հիման վրա դեզինֆեկտանտների (հակամիկրոբային դեղամիջոցներ) ազդեցությանը: Այս մասին հայտնում են University of Plymouth-ի (Բրիտանիա) մասնագետները:

Ըստ մասնագետների՝ հիվանդանոցներում վիրաբուժական խալաթների վրա կարող են սուպերբակտերիաներ մնալ անգամ դրանք մանրէազերծումից հետո:

Հետազոտողները  մանրէազերծված վիրաբուժական հագուստի վրա Clostridium difficile բակտերիաների 3 տարբեր շտամներ են գտել, որոնք կարող են դիարեա, ջերմություն եւ սրտխառնոց առաջացնել: Ընդ որում բրիտանական հիվանդանոցներում, որտեղ կատարվել է հետազոտությունը, գործում են մանրէազերծման բավականին կոշտ կանոններ եւ բժիշկների ամբողջ հագուստը  ինտենսիվ վերամշակման է ենթարկվում քլորի 1000 մասնիկ պարունակող լուծույթով: Քլորակրով մշակումը տեւում է 10 րոպե:

Հետազոտողմերը  իրականացրել են հագուստի մանրէազերծման ամբողջ ընթացակարգը:

Պարզվել է, որ բակտերիաների բոլոր 3 շտամները ոչ միայն պահպանվել են խալաթների մակերեսին, այլեւ պահպանվել են նույն ծավալով ինչ մանրէազերծումից առաջ:

Ավելին՝  այդ սպորները շփումից հետո 10 վայրկյանի ընթացքում արագ տեղափոխվել են այլ մակերեսների վրա:

Հետազոտության հեղինակները վախենում են, որ վիրաբույժների վարակված հագուստը կարող է հիվանդանոցներում բակտերիալ ինֆեկցիաների բռնկումնբերի պատճառ լինել:

Թույլ իմունիտետով հիվանդների համար այդ ինֆեկցիաները կարող են ճակատագրական լինել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Applied andEnvironmental Microbiology ամսագրում:



© NEWS.am Medicine