ԱՀԿ-ն մտահոգված է Սուդանում խոլերայի շարունակվող տարածմամբ. հիվանդացել է 200 մարդուց ավելի

13:12   2 հոկտեմբերի, 2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է Սուդանում խոլերայի շարունակվող տարածմամբ: Սեպտեմբերի 8-ից, երբ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին այս հիվանդության բռնկման մասին, Երկնագույն Նեղոս եւ Սենար  նահանգներում խոլերայով հիվանդացել է 215 մարդ: Հայտնի է մահվան 8 դեպքի մասին:

Սուդանում խոլերայի եւ սուր դիարեայի դեպքեր նկատվել են նաեւ նախկինում. 2016 թվականի օգոստոսից 2018-ի մարտ գրանցվել է այդպիսի 36 հազարից ավելի դեպք: ԱՀԿ-ն Երկնագույն Նեղոս նահանգում օգնում է 3 հակախոլերային բժշկական կենտրոններին եւ Սենար նահանգում 6 մեկուսարաններին: Եկրնագույն Նեղոս են ուղարկվել ԱՀԿ փորձագետներ: Նրանք անցկացնում են ջրի որակի մոնիթորինգ եւ առողջապահական հաստատություններում աջակցություն են ցուցաբերում հակաինֆեկցիոն միջոցառումներին:

ԱՀԿ-ն ՄԱԿ Մանկական հիմնադրամի հետ մտադիր է աջակցել 2 նահանգների 8 շրջաններում 1,6 մլն մարդու իմունացման արշավին, որտեղ գրանցվել են խոլերայի դեպքեր: Պատվաստվելու է 1 տարեկանից մեծ  բնակչությունը, ներառյալ կերակրող մայրերը եւ հղիները: ԱՀԿ-ն ակնկալում է, որ պատվաստման առաջին փուլը կսկսվի հոկտեմբերի կեսին:

ԱՀԿ-ն 10-ից մինչեւ 15 մլն դոլարի կարիք ունի առաջիկա 3-6 ամիսներին խոլերայի ներկայիս բռնկմանը հակազդելու համար:

Խոլերան սուր դիարեային հիվանդություն է, որը բուժման բացակայության դեպքում կարող է մի քանի ժամ հետո ավարտվել մահվան ելքով: Վարակման նշանները նման են սննդային թունավորման ախտանշաններին: Վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները կա՛մ բացակայում են, կա՛մ թեթեւ ձեւով են արտահայտվում: Ծանր դեպքերը պահանջում են արագ բուժում՝ ներերակային ներարկումների եւ հակաբիոտիկների օգտագործմամբ: ԱՀԿ մասնագետների գնահատականներով՝ աշխարհում ամեն տարի խոլերայով հիվանդանում է 1,3 մլն-ից մինչեւ 4 մլն մարդ եւ 21 հազարից մինչեւ 143 հազարը մահանում է:



© NEWS.am Medicine