Դեղամիջոցներում առկա ներկանյութերը եւ կոնսերվանտները կարող են վտանգ ներկայացնել առողջության համար. հետազոտություն

12:52   25 հուլիսի, 2020

Դեղամիջոցները ոչ միայն ակտիվ բաղադրիչներ են պարունակում, այլեւ՝ բազմաթիվ օժանդակ բաղադրիչներ, այդ թվում՝ ներկանյութեր եւ կոնսերվանտներ: Մինչեւ վերջերս համարվում էր, որ այդ նյութերը իներտ են, այսինքն՝ չեն ազդում օրգանիզմի վրա: Սակայն Science-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց հետեւանքները գուցե թերագնահատվել են:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ դեղամիջոցների շատ օժանդակ բաղադրիչների անվտանգությունը որոշվում է կենդանիների վրա փորձարկումներում կամ պարզապես պատմական փորձի արդյունքում: Ամենայն հավանականությամբ այս բոլոր նյութերը իսկապես չեն կարող սուր ռեակցիաներ առաջացնել մարդու օրգանիզմում: Սակայն գործնականում որեւէ տեղեկատվություն չկա մարդու օրգանիզմի վրա դրանց երկարաժամկետ ազդեցության եւ այդ նյութերի երկարատեւ փոխազդեցության մասին դեղամիջոցների հետ:

Տվյալներում այդ բացը լրացնելու համար գիտնականներն ավելի քան 3000 օժանդակ դեղամիջոց են վերլուծել: Նախ նրանք համակարգչային վերլուծություն են իրականացրել մարդու սպիտակուցների հետ այդ նյութերի հնարավոր փոխազդեցության մասով, որը ցույց է տվել 38 նյութերի հավանական վտանգը։

Դրանից հետո գիտնականները հետեւել են, թե ինչպես են լաբորատոր պայմաններում ընտրված օժանդակ նյութերը փոխգործակցում մարդու 134 սպիտակուցների հետ: Դրանք հայտնում են, որ որոշ նյութերի ազդեցության ուժն անսպասելի էր: Փորձարկումները ցույց են տվել, որ որոշ բաղադրիչներ տեսականորեն կարող են չափելի ֆիզիոլոգիական պատասխան առաջացնել մարդու մեջ: Այսինքն, դրանք կարող են պատասխանատու լինել դեղամիջոցների որոշ կողմնակի ազդեցությունների համար:

«Մեր ուսումնասիրությունը պետք է ստուգեր եւ հստակեցներ եզակի հաղորդումները  անսպասելի ֆիզիոլոգիական ռեակցիաների վերաբերյալ որոշ դեղամիջոցների օժանդակ նյութերին:

Հետազոտվող նյութերում նոր հատկություններ հայտնաբերելն այդքան էլ անսպասելի չէր: Սակայն զարմանալի էր իմանալ, թե որքան հզոր է որոշ մոլեկուլների ազդեցությունը՝ հատկապես հաշվի առնելով այդ նյութերի համեմատաբար բարձր պարունակությունը դեղամիջոցներում»,- ասել է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Ջոշուա Փոթելը Կալիֆորնիայի համալսարանից Սան Ֆրանցիսկոյում (University of California, San Francisco)

Դեղաամիջոցների օժանդակ բաղադրիչների ուսումնասիրությունը գտնվում է վաղ փուլում, ուստի չի կարելի շգրիտ հայտարարություններ անել դրանց թունավոր լինելու վերաբերյալ։ Այս հարցին կպատասխանեն հետագա հետազոտությունները։




© NEWS.am Medicine