Ֆուտբոլում գլխով գնդակին հարվածելն ուղեղի համար անվտանգ չէ

16:18   24 փետրվարի, 2014

Ուղեղի ցնցումը կազմում է ֆուտբոլ խաղալիս ստացած բոլոր վնասվածքների 8.6%-ը, ցույց է տվել Տորոնտոյում գտնվող Սբ. Միքայելի հիվանդանոցի նյարդաբանական հետազոտությունների ղեկավար բժիշկ Թոմ Շվեյցերի կատարած հետազոտությունը: Որոշ ցնցումներ լինում են բախումների հետեւանքով, մյուսները՝ գլխով գնդակին հարվածելու ժամանակ:

Բավականաչափ ուշադրություն չի դարձվում այն հետեւանքներին, որոնք կարող է մտքի եւ հիշողության վրա ունենալ գլխով գնդակին հարվածելը, նույնիսկ եթե հարվածները գլխին այնքան ուժեղ չեն, որ ուղեղի ցնցման պատճառ դառնան, Newsmax Health-ի հաղորդմամբ՝ ասում է Շվեյցերը:

Վերջերս  Brain Injury ամսագրում հրապարակված մի քանի հետազոտությունների վերլուծությունում Շվեյցերն ուսումնասիրել է, թե որքան հաճախ է ֆուտբոլ խաղալիս ուղեղի ցնցում լինում:

Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ համալսարանի ֆուտբոլիստների մոտ 63%-ն ինչ-որ պահի ունեցել է ուղեղի ցնցման նշաններ, բայց նրանց միայն 19%-ն է իմացել այդ մասին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն խաղացողների դեպքում, որոնք գոնե մեկ անգամ ուղեղի ցնցում են տարել, 3,15 անգամ մեծ է եւս մեկ ցնցման ռիսկը, քան այն խաղացողների դեպքում, որոնք երբեք նման վնասվածք չեն ստացել:

Մեկ այլ հետազոտության մեջ նշված է եղել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, որոնք բոլորից շատ են խաղում գլխով, վատագույն արդյունքն են ցույց տվել բանավոր խոսքի, տեսողական հիշողության եւ ուշադրության կենտրոնացման թեստերում:

Կատարվել է ուղեղի ցնցման ենթարկված խաղացողների ուղեղի պատկերում, որը ցույց է տվել, որ նրանց ուղեղում ֆիզիկական փոփոխություններ են եղել:



© NEWS.am Medicine